Տնտեսական ցուցանիշները ներառական չեն եղել, քանի որ դրանից չի օգտվել հասարակության մեծ մասը․ Սուրեն Պարսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«2019 թվականին մենք ունեցանք 7,6 տոկոս տնտեսական աճ, որը բավականին բարձր է տարածաշրջանային և համաշխարհային առումով», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետի խոսքերով՝ եթե ըստ բաժինների ուսումնասիրենք այս տնտեսական աճը, ապա կտեսնենք, որ 7,6-ի 5,5 տոկոսը բաժին է ընկել առևտրի և ծառայությունների ոլորտին, և այս դեպքում քաղաքացիների կենսամակարդակը չի բարձրացել։ «Տեղի է ունեցել ստվերի կրճատում, ինչն անշուշտ շատ կարևոր է, բայց դա մեր տնտեսության, կենսամակարդակի վրա էական նշանակություն ունենալ չի կարող», - ընդգծեց նա։
Պարսյանի համար մտահոգիչ է, որ տնտեսության մեջ շարունակում է մեծ տեսակարար կշիռ ունենալ հանքարդյունաբերությանը և տնտեսական ցուցանիշի ապահովման համար ազգային հարստության շարունակվող վաճառքը։
Հիմնական խնդիրը, որ առկա է, ըստ ՀՅԴ Բյուրոյի ՏՀԳ պատասխանատուի, պետական կառավարման համակարգի անարդյունավետությունն է։ «Կառավարությունը չի կարողացել իր նախարարությունների, ինստիտուտների միջոցով իրականացնել իր կապիտալ ծախսային ծրագրերը, իր ընթացիկ ծախսերը, որի հետևանքով մենք ունենք լուրջ բացթողումներ», - շեշտեց նա։ Վերջինիս խոսքերով՝ տնտեսական ցուցանիշներն աննախադեպ, բայց ներառական չեն եղել, քանի որ դրանից չի օգտվել հասարակության մեծ մասը, այլ օգտվել են օլիգարխները, հանքարդյունաբերական ընկերությունները։
Գյուղատնտեսության ոլորտում գրանցված ցածր ցուցանիշները հաղթահարելու համար, ըստ Պարսյանի, պետք է լինի ոլորտը կարգավորող առանձին մարմին։ Անդրադառնալով սպանդանոցային մորթին՝ տնտեսագետ ասաց, որ այն երկու խնդիր է լուծում. ապահովում է անվտանգ միս, և շուկայում վերահսկելի է դարձնում մսի շրջանառությունը։
«Սկզբնական շրջանում պետությունն ինքը կարող է սուբսիդավորել սպանդանոցային մորթը, որպեսզի մարդկանց մոտ էդ վստահությունը գա, մարդիկ կանխատեսելի սպասումներ ունենան, որ կարողանան հանգիստ խղճով այդ պրոցեսի մեջ մտնել։ Սպանդանոցային մորթին զուգահեռ պետությունն այլ քայլեր ևս պետք է իրականացնի։ Սպանդանոցային մորթի արդյունքում մեր երկրում արտադրված մսի ինքնարժեքը բարձրանալու է, քանի որ հավելյալ ծախսեր են կատարվում։ Մենք ունենք երրորդ երկրներից և ԵԱՏՄ-ից ներկրվող շատ էժան մսամթերք, որն ուղղակի շուկայից դուրս է թողնում մեր տեղական արտադրողներին», - շարունակեց նա։
Պետությունը, տնտեսագետի խոսքերով, միգուցե պետք է նաև սուբսիդավորի անասնապահներին։ «Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամեն կովի հաշվով 4-5 դոլար սուբսիդիա է հատկացնում կառավարությունը և դա նորմալ է նրանց դեպքում։ Մեզ մոտ, կարծում եմ, նման աուբսիդավորման մեխանիզմներ ևս պետք է զարգանան, եթե ցանկանում ենք, որ մեզ մոտ անասնապահությունը մրցունակ լինի։ Իսկ այս պայմաններում, ներկրվող մսի պայմաններում անասնապահությունը չի կարող մրցունակ լինել», - եզրափակեց Սուրեն Պարսյանը։
Մանրամասները տեսանյութում