Բացել լրահոսը Փակել լրահոսը
83372692_125618135379540_4367454068939948032_n
A A
Հասարակություն

Ինչպե՞ս է ֆինանսավորվելու «10 մլն ծառատունկ» ծրագիրը

10 միլիոն ծառի տնկումը Հայաստանում այսօր մարտահրավերային է, բայց կոտրած տախտակի առաջ կանգնելու մտավախություն չկա․ միակ խնդիրը կարող է լինել եղանակային պայմանները։ Այսօր հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։

«10 մլն ծառատունկ» ծրագրի սկիզբն ազդարարված է,- վստահեցրեց նա՝ անդրադառնալով  անտառատնկման աշխատանքներին ու հետագա անելիքներին։

Ըստ նրա՝ տնկանյութի ձեռքբերման հետ կապված քննարկումներ են ընթանում միջազգային գործընկերների հետ, նամակներ էին ուղղվել Վրաստան, Իրան, Ղազախստան, Բելառուս և Ռուսաստան։ Բացառությմաբ վերջինիս՝ մյուսները պատասխանել են դրական։

«Բելառուսից ստացել ենք պատասխան, որ կարող է մինչև 10 մլն սոճի և 1մլն կեչի տրամադրել, սակայն արժեքները դեռ չենք քննարկել։ Վրաստանի հետ դեռ տեսակային կազմը չենք քննարկել, Ղազախստանից ստացել ենք ծառերի բավականին մեծ ցանկ, որտեղ կան և մեզ պիտանի և ոչ պիտանի ծառատեսակներ»,-ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ձեռքբերվելու, գումարո՞վ, թե՞ առանց, փոխնախարարն ասաց ՝ առաջարկները  ներառում են թե՛ վճարովի և թե՛ անվճար տարբերակները։ Օրինակ Ղազախստանի դեպքում մեկ տնկու արժեքը սկսվում է 30 սենթից՝  կախված տեսակից։

Բյուջեից անտառածածկման համար տրամադրվել է 424 մլն դրամ, բայց դա նախատեսված է այն աշխատանքների համար, որոնք արվելու էին անկախ այս նախագծից։

Իսկ «10 մլն ծառատունկ» ծրագրի  համար բյուջեից գումարներ չեն տրամադրվելու, որովհետև սա պետք է լինի ապակենտրոնացված և մասնակցային ծրագիր։ Այսինքն՝ խնդիր է դրված ներգրավել հնարավորինս շատ մարդկանց եւ ռեսուրսներ

Տնկման մեկնարկը  հոկտեմբերի 10-ին է, այդ օրը կլինեն տնկումներ, բայց դա կախված չէ մարդուց, և հիմա դժվար է կանխատեսել, թե  ինչ եղանակ կլինի։

Ըստ  փոխնախարարի՝  նախապատրաստական աշխատանքները նախապես արված են լինելու, մասնակիցներին մնում է տնկել ծառը:  

 «Մենք կարող էին վարձել աշխատակիցներ, ովքեր երկու ամսվա ընթացքում կտնկեն, բայց նպատակը բավականին լայն ներգարվվածություն ունենալն է, որպեսզի մարդիկ  ավելի լավ պատկերացնեն՝ ինչ է նշանակում անտառ վերականգնումը, բացի այդ բնապահպանական թեմաներով իրականցվելու են իրազեկման և կրթական միջոցառումներ»,- շեշտեց նա։

Փոխնախարարը  նաեւ տեղեկացրեց, որ  նախաձեռնության հետ կապված ակտիվ կազմակերպչական աշխատանքներ են կատարվում՝ քարտեզագրվել են տարածքները, որտեղ պետք է իրականացվեն ծառատնկման աշխատանքները։

«Խոսքը գնում է պետական անտառային հողերի մասին, և արդեն 2 հազար հեկտարից ավելի հողատարածք հետազոտվել է»,- նշեց նա։

Այս շաբաթվա վերջում կամ հաջորդ շաբաթ կսկսեն այցելությունները դեպի հարավային մարզեր՝  նախնական ընտրված տարածքները ավելի մանրամասն ուսումնասիրելու և վերջնական ընգծումներն իրականացնելու համար։