Մեկ հոգու հետազոտել են՝ կորոնավիրուսի կասկածով․ պատասխանը բացասական է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին տեղեկացրեց, որ Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա կամբողջացնի մեր երկրում համաճարակային միջոցառումները։
«Ռուսաստանի ընկերությունը մեզ տրամադրել է ռեագենտները։ Իսկ տեղափոխումը կատարվել է ԱԳՆ-ի, քաղաքացիական ավիացիայի վարչության աջակցությամբ»։
Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանը տեղեկացրեց, որ այս թեստերը պահվում են -20 ջերմաստիճանում, նմուշները ևս պահվում են սառնարանում՝ դրանք մինչև 4 օր կարելի է պահել։ Թեստերը 200 հետազոտության համար են։ Պարզաբանեց՝ ոչ թե 200 մարդու, այլ երկու հարյուր հետազոտության։
Նունե Բակունցը նշեց, որ այս պահին չեն կարող ասել, թե թեստերի մյուս քանակը երբ կլինի, բայց աշխատում են այդ ուղղությամբ։ Նունե Բակունցը տեղեկացրեց նաեւ, որ մեկ կասկածյալի հետազոտություն է իրականացվել, և ստացել են բացասական պատասխան։
Շուշան Սարգսյանը պարզաբանեց, որ սա մոլեկուլյար կենսաբանական հետազոտություն է, որի միջոցով հայտնաբերվում է վիրուսի ՌՆԹ-ի հատվածը։
«Մեր լաբորատորիան բավական ժամանակ զբաղվում է հետզոտություններով, մենք համարվում ենք գրիպի ազգային լաբորատորիա, մենք հետազոտում ենք գրիպը և այլ շնչառական վարակները, որոնց մեջ մտնում են նաև կորոնավիրուսները։ Այս նոր կորոնավիրուսի համար ռեագենտները մենք ստացել ենք երեկ երեկոյան։ Նմուշը վերցնում ենք քթից և ըմպանից, վերցնում ենք երկու զոնդերով, և սառը պայմաններում տեղափոխվում է լաբորատորիա»։
Նունե Բակունցը ևս նշեց, որ հետազոտությունն անվճար է այն դեպքերում, երբ անձը համապատասխանում է ռիսկի խմբերին։
Կա ԱՀԿ-ի կողմից հաստատված մոտեցում, որի համաձայն՝ հետազոտություն ենթակա են այն անձինք, ովքեր արդեն ունեն հիվանդության ախտանիշներ և եղել են Չինաստանում։