Բացել լրահոսը Փակել լրահոսը
18668709
A A
Հասարակություն

Արմեն Թավադյանի գործով նիստը հետաձգվեց․ միջադեպ՝ դատարանի բակում (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  այսօր ընթանում էր  «5-րդ Ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործի քննությունը:

Նա մեղադրվում է նախորդ տարվա մայիսին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով հարվածելու մեջ՝  քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով  հասարակական կարգը խախտելու համար։

Մեկ այլ ՝ Մարտի 1-ի վկային կաշառելու կասկածանքով  կալանավորված Արմեն Թավադյանին, որը Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից է, ներկաները դիմավորեցին ծափերով։  Քր․ գործի հիմքում ընկած միջադեպն էլ, հիշեցնենք, տեղի էր ունեցել Քոչարյանի գործով  դատական նիստի օրը՝ 2019թ․ մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլիքեխյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում։

Ծափահարություններով դիմավորելը դուր չեկավ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով հայտարարեց, որ Թավադյանին այդպես դիմավորած քաղաքացիները եւս պետք է մեղադրվեն հասարակական կարգը խախտելու մեջ և խնդրեց պահպանել հասարակական կարգը։

Ի պատասխան՝ Թավադյանի  պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ  դատավարության հետ առնչություն չունեցող անձանց չեն կարող մեղադրել հասարակական կարգը խախտելու մեջ և խնդրեց, որպեսզի  հետագայում կասեցվեն նման որակումները։

Դատական նիստի ընթացքում  «5-րդ Ալիք»-ի սեփականատերը  հայտարարեց,  որ լավ չի տիրապետում հայերենին՝ միայն խոսակցական մակարդակով: Նիստին ներկա թարգմանիչը հայտնեց, որ առաջիկա օրերին գործով նյութերի ռուսերեն թարգմանությունը ամբողջովին պատրաստ կլինի:

Նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 4-ը, ժամը 15-ը։

Նշենք նաեւ, որ դատական նիստից հետոդատարանի բակում միջադեպ տեղի ունեցավ։ Թավադյանի աջակիցները եւ Վարդգես Գասպարին վիրավորական խոսքեր հնչեցրին միմյանց հասցեին։