Գյուղացին մինչեւ աչքով չտեսնի մորթը, չի հավատա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀնարավոր կլինի՞ արդյոք մինչեւ հուլիսի 1-ը հարցերը կարգավորել այնպես, որ դրանից հետո անասունների մորթը տեղի ունենա միայն սպանդանոցներում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, դոցենտ Պարգև Ստեփանյանը առաջարկում է ներդնել շարժական սպանդանոցներ, որոնց միջոցով սպանդի գործընթացն ավելի լավ կկազմակերպվի․ «Հաճախ գյուղացիները ասում են, որ` իմ կենդանուն տանում եմ սպանդանոց, չգիտեմ, թե որի միսն եմ բերում, դրա համար շարժական սպանդանոցները հնարավորություն են տալիս մեծ պատուհանների միջոցով հետևել մորթի ընթացքին, և անասնապահի համար էլ է պարզ լինում` արդյոք իր կենդանու որևէ օրգան իրոք անպիտա՞ն է, թե՞ էդպես են ասում» ։
Նրա համոզմամբ` սպանդանոցային մորթը ավելի շահավետ է, եթե այն ճիշտ է կազմակերպված․ «Սպանդանոցում մորթելու դեպքում կենդանուց և ոչ մի բան չի կորում, ամեն բան, սկսած կճղակներից, օգտագործվում է։
Բացի այդ, ըստ նրա, մինչև սպանդանոց հասնելը կենդանիները պիտի հաշվառվեն այնպես, ինչպես մեքենաները՝ բացառելու համար ցանկացած հիվանդություն։
«Ես վախենում եմ, որ մինչև հուլիսի 1-ը հանրապետություն ողջ տարածքում մասսայական մորթերի միջոցով խոշոր եղջերավոր անասուն չմնա, մարդիկ, վստահ լինելով, որ խնդիրը չի լուծվելու անգամ հուլիսի 1-ից հետո, կուզենան օր առաջ ազատվել գլխացավանքից»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց ֆիզիկոս Ռաֆիկ Ավետիսյանը,որն այս դեպքում եկել էր իբրեւ մտահոգ քաղաքացի։
«Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ արդյոք հնարավո՞ր է, որ հուլիսի 1-ից հետո օրենքը շրջանցողներ էլ լինեն, Ռաֆիկ Ավետիսյանը պատասխանեց․ «Օրենսդրական վերջին փոփոխություններով Հայաստանից արաբական երկրներ կարող են արտահանել խոշոր եղջերավոր կենդանիներ, ու հաստատ կգտնվեն ճարպիկ գործարարներ, որ կանեն դա, արդյունքում կստանանք միայն կենդանու միսը, իսկ օրինակ կաշին, կմնա էդ երկրներում, իրենք դրանից կոշիկ կկարեն ու մեզ վրա թանկով կծախեն» ։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից թույլատրվելու է խանութներում վաճառել միսը միայն 5-րդ ձևի սերտիֆիկատի առկայության դեպքում, որը տրմադրվելու է սպանդանոցային մորթի դեպքում։