«Լուսավոր Հայաստան»-ի հայտարարությունը մեզ համար ևս անակնկալ էր․ Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Դա «Լուսավոր Հայաստան»-ի ներկուսակցական խնդիրն է, և կուսակցությունն ինքն է որոշում՝ իր ավագանու անդամին թողնում է քաղաքապետարանում, հետ է կանչում, փոխարինում է ցուցակի հաջորդ համարով»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությանը, թե քննարկում են Երևանի ավագանու կազմից Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը։
Ավագանու անդամը նշեց, որ իրենք հարգում են կուսակցության ցանկացած որոշում․
«Երեկ մենք ունեցել ենք Երևանի ավագանու նիստ, որը բաց է եղել բոլորի առաջ, որից հետ բոլորս գոհ ենք եղել մեր վարքագծից, թե հետո ինչն է փոխվել, չեմ կարող ասել»,-նշեց Անի Խաչատրյանը։
Խմբակցության մյուս անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ընդգծեց, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար ունենում է քննարկումներ․
«Մենք բազմաթիվ ներկուսակցային հարցեր քննարկել ենք տարբեր կոնտեքստներով, և ավագանու բոլոր նիստերից հետո էլ, առաջ էլ միշտ բազմաբովանդակ քննարկումներ եղել են, և բոլորս հավասարաչափ պատասխանատվություն ենք կրել»։
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությանը, Վարդանյանն ասում է, որ իրենց համար այն ևս անակնկալ է եղել, և իրենք այդ մասին իմացել են մամուլից․
«Ինչ վերաբերում է ելույթներին, ասեմ, որ անձնավորված որևէ բան չկա, երեկվա իմ ելույթը և էմոցիաները փոխկապակցված էին քաղաքապետի խոսքի և էմոցիաների հետ»։
Վարդանյանն ասում է՝ աղմուկի պատճառը չի հասկանում, քանի որ նորմալ աշխատանքային պրոցես է։
Անի Խաչատրյանն էլ ասում է, իրենք կարող են խմբակցության ներսում ունենալ տարբեր կարծիքներ, բայց ի տարբերություն իշխող խմբակցության՝ իրենք խմբակցության ներսում միշտ գալիս են կոնսենսուսային որոշման։
«Դավիթ Խաժակյանը և Էդմոն Մարուքյանը ազատ են իրենց որոշման մեջ»,-ընդգծեց Անի Խաչատրյանը։