Բացել լրահոսը Փակել լրահոսը
adrbejanci-lragroghner
A A
Հասարակություն

Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցեր. Ինչո՞ւ է դա կարևոր. BBC-ի անդրադարձը․ Aravot.am

Հայաստանը և Ադրբեջանը փոխանակվեցին լրագրողական այցերով, հայկական պատվիրակության կազմում կար նաև լրագրող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Երկու երկրների լրագրողների այցն անցավ գաղտնիության և անվտանգության բարձր միջոցառումների պայմաներում: Նոյեմբերյան փոխադարձ այցը առաջինն էր 2001թ-ից հետո, գրում է Aravot.am-ը:

Դա հազվադեպ նախաձեռնություն է երկու երկրների քաղաքացիների մակարդակով, և ոչ թե պաշտոնատար անձանց, և կազմակերպվել էր Բաքվից ու Երևանից՝ առանց միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցության, ասվում է BBC-ի կայքում հրապարակված հոդվածում:

Դիվանագետները գործակցել են և վիճել Լրագրողների փոխադարձ այցի մասին պայմանավորվել էին արտգործնախարարները, իսկ որպես միջնորդ հանդես է եկել ԵԱՀԿ-ն:

Ադրբեջանցի լրագրողներն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց ընդունելության համար պատասխանատու էր այդ երկրի ԱԳՆ-ն, ընդգծում է BBC-ն: Երկու երկրների միջև ուղղակի հաղորդակցություն չկա, ուստի տարանցիկ կետը Թբիլիսին էր: Այնտեղից երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին, երեք հայ լրագրողներ մեկնեցին Բաքու, նույն օրը երեք ադրբեջանցիներ գնացին Հայաստան և ԼՂՀ: Երկու կողմերում էլ պատվիրակության անդամները տղամարդիկ էին:

Տուն վերադառնալիս լրագրողները նոյեմբերի 21-ին հանդիպել են Թբիլիսիում, որտեղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը լրագրողների համար կարդացել է այցն ամփոփող հայտարարություն: Սակայն այն չի հրապարակվել: BBC-ի՝ դիվանագիտական բանակցություններին ծանոթ աղբյուրները հաստատել են, որ այն արգելափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նրանք դա հայտնել են անանուն մնալու պայմանով, քանի որ գործընթացը մեկնաբանելու իրավասություն չունեն:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը փաստաթղթի ճակատագրի վերաբերյալ հարց է ստացել BBC-ից, բայց չի պատասխանել դրան: Նյութը հրապարակվելու պահին դրան չէր պատասխանել նաև ԵԱՀԿ-ն: Հիանալի երկիր և խնամված քաղաք Ղարաբաղյան հակամարտության բնորոշ գծերից մեկը տեղեկատվական պատերազմն է և տրոլլինգը, իսկ երկու կողմերում ազգայնականները մշտապես բարձրացնում են հարևան երկրի նկատմամբ քաղաքակրթական գերակայության հարցը: Այս ֆոնին լրագրողների տեքստը և հայտարարությունները թվում են ընդգծված զուսպ: «Հիանալի երկիր է: Մենք զբոսնել ենք Երևանի հենց սրտում, և դա նորմալ, խնամված քաղաք է»,- BBC-ին ասել է Trend գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը:

«Շանթ» հեռուստաալիքի վերլուծաբան Արտյոմ Երկանյանի խոսքով՝ Բաքուն վերջին երկու տասնամյակում շատ ավելի գեղեցիկ և հարուստ է դարձել: Երկու խմբերն էլ զբոսնել են անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Երեք հայ լրագրողներին տարբեր օրերի ուղեկցել են 12-40 անվտանգության աշխատակից, պատմել է Երկանյանը: Ադրբեջանցի լրագրողների համար Հայաստանում անվտանգության աշխատակիցների անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ «ապրիլյան մարտերի ժամանակ զոհվածների թվում եղել են բազմաթիվ երևանցիներ»:

Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանը BBC-ին պատմել է, որ իր համար այցի նպատակն էր փորձել հասկանալ՝ «որքանով են հակահայկական և ռազմական թեզերն ու քննարկումները, որոնք մենք կարդում ենք ադրբեջանական լրատվամիջոցներում, արդյունավետ և կենսունակ»: Լեգենդներ և միֆեր ընդդեմ կարծրատիպերի Երբ խոսք է գնում հակամարտության էության՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, փոխզիջման համար հիմքերի բացակայությունն ակնհայտ է դառնում:

«Բաքվում առաջնորդվում են տարօրինակ միֆերով ու լեգենդներով» Ղարաբաղի կյանքի մասին, կարծում է հայկական լրագրողական պատվիրակության անդամներից «Մեդիամաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Իր ռեպորտաժի վերջում հայ լրագրողը հավաստիացրել է, որ այցն ամրապնդել է իր համոզմունքն առ այն, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Հայերի մոտ շատ ուժեղ են կարծրատիպերն ադրբեջանցիների նկատմամբ»,- ասել է 1new.az կայքի լրագրող Էլշան Ռուստամովը՝ հավելելով, որ Հայաստանում «աղավաղված տեղեկատվություն են ստանում Ադրբեջանի մասին»: Ռուստամովը նաև իր ընթերցողին խոստացել է, որ ոչ մի ադրբեջանցի «երբեք չի համաձայնի հայկական երկրորդ պետության ստեղծմանն ադրբեջանական հողերում»: Սակայն «Շանթից» Երկանյանն այդ քննարկումները երկրորդական է համարում: «Մենք նոր հարցեր չենք տվել և նոր պատասխաններ չենք ստացել,- ասել է Երկանյանը:- Այցի փաստն ինքնին և այն, թե ինչպես են այն ընկալում հասարակության մեջ, շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան զրույցի առարկան»,- ասել է նա:

Չնայած տարաձայնություններին՝ այցի արդյունքում լրագրողները համաձայնել են, որ «երկու կողմերն էլ խաղաղության կողմնակից են», ասել է Trend-ի գլխավոր խմբագիր Վալիևը: Արցախի Հանրային հեռուստաընկերությունից Էլբակյանն ավելացրել է, որ սոցցանցերում քննադատել են նախաձեռնությունը: Պատասխանելով քննադատությանը՝ լրագրողը հավելել է, որ Հայաստանի ազգային շահերի համար անհրաժեշտ է ուսումնասիրել Ադրբեջանը: Իսկ մարդկային մակարդակով նա կարևոր է համարում «մարդասիրական կապերի հաստատումը՝ ծանոթություններ, կապերի փոխանակում, նամակագրություն Ֆեյսբուքում»: «Հակամարտությունը մի օր կլուծվի, հավերժ հակամարտություններ չկան,- ասել է Էլբակյանը:- Անկախ այն բանից՝ ինչպես և երբ այլ կլուծվի, մենք պետք է ապրենք հարևանությամբ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում