Բացել լրահոսը Փակել լրահոսը
17.01.12-3048ճանապարհ
A A
Պաշտոնական

Միջազգային համագործակցություն. կբարելավվի ՀՀ ճանապարհների անվտանգությունը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը:

Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, խոսքը 4,2 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրի մասին է, որի նպատակը ՀՀ-ում լայնածավալ ճանապարհաշինությանը զուգահեռ անվտանգության ապահովման խնդիրն է: Դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՝Մ-2 (Երևան-Մեղրի), Մ-4 (Երևան-Իջևան), Մ-5 (Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման), Մ-12 (Գորիս-Արցախ), Մ-17 (Կապան-Ծավ-Մ2), Հ-8 (Երևան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24, ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը: Նախատեսվում են   Հայաստանի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացում՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման և ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով, ինչպես  նաև վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողություն, ճանապարհային անվտանգության իրազեկում և ուսուցում:

Միջոցները կուղղվեն նաև ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստմանը, ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայմանը՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական Միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։ Արդյունքում, մասնավորապես, կբարելավվի առնվազն 30 վտանգավոր կետ, մոտ 20 տոկոսով կնվազի մահվան ելքով ճանապարհային վթարների թիվը:

 

Կբարելավվեն  9 ուսումնական հաստատությունների շենքային պայմանները

 

Հանրակրթական ուսումնական հաստատությունների վերանորոգման և վերակառուցման անհրաժեշտությունից ելնելով՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել Արարատի մարզի Մասիսի N 5,, Երևանի Գ. Զոհրապի անվան N 97, Երևանի N 195, Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան, Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17, Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցներին և Սարդարապատի,  Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոցներին  ամրացված շենք-շինությունների վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ նախագծման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության համար: Արդյունքում՝ կբարելավվեն թվով 9 ուսումնական հաստատությունների շենքային պայմանները՝ լուծելով հրատապ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մասնաշենքերի հարկերի, տանիքների, մարզադահլիճների, սանհանգույցների վերանորոգումը, ջեռուցման համակարգերի վերակառուցումը:

 

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ գերատեսչության պայմանների բարելավման, «Ուսուցչի օրվա» առթիվ ուսուցիչներին խրախուսման նպատակով: Մասնավորապես,  21898.8 հազար ՀՀ դրամ կուղղվի «Ուսուցչի օրվա» առթիվ  հանրակրթական ուսումնական հաստատությունների դաստիարակներին պարգևատրում» միջոցառմանը: Համակարգիչներ կտրամադրվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 77 մանկավարժներին: 

 

 

Այլ որոշումներ

 

 

Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչային նախապատրաստական աշխատանքները  կմեկնարկեն նոյեմբերի 14-ից, իսկ զորակոչը՝ դեկտեմբերի 16-ից: Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել է, որ ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով որոշմամբ կսահմանվի նաև  զորակոչային հանրապետական հանձնաժողովի կազմը և կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը: Վերջինս այս տարի նախագահելու է ոչ թե հանրապետության զինվորական կոմիսարը, այլ առողջապահության նախարարի տեղակալը: