Ռուսաստանում ծննդատան վերելակի ընկնելու հետեւանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանում ՀՀ դեսպանատունը Ֆեյսբուքի իր էջում տեղեկություններ է ներկայացրել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած հայազգի անձանց վերաբերյալ․
«Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայազգի անձինք (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։
Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության, տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր․ նրանք ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ:
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանում բուժհաստատությունների հետ»։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի թիվ 18 ծննդատանը նոյեմբերի 4-ին անցկացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ պոկվել է վերելակի ճոպանը, ինչի հետևանքով աշխատողներից երկուսն ընկել են: Հաղորդվել է, որ երկու տուժածները Հայաստանի քաղաքացիներ են, որոնցից մեկը 28, մյուսը՝ 35 տարեկան է: