Պետք է շարունակենք աշխատել Սենատում և Սպիտակ տան հետ․ ամերիկագետ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը
Այս կապակցությամբ Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել էր, որ հետայսու պետք է ասել, որ Միացյալ Նահանգները ցեղասպանությունը ճանաչեց։ «Եթե Բելգիայի Սենատի մեկ բանաձևը մեզ մղում է ասել, որ ճանաչել է։ Եթե Ռուսաստանի Դումայի բանաձևը մղում է ասել, որ ճանաչել է և մնացած բոլորը․ Իտալիայի Վերին-վարին պալատը և այլն․․․ բանաձևերն ասում են, որ ճանաչել է, ինչո՞ւ Միացյալ Նահանգների դեպքում պետք է ասենք, որ չի ճանաչել։ Առավելագույնը կարելի է ասել, որ Միացյալ Նահանգների նախագահը չի օգտագործում բառը»,- նշել էր նա։
Արդյո՞ք կարելի է պնդել, որ ԱՄՆ-ն այսկերպ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ «Ա1+»-ը այս հարցով մեկնակաբանության համար կապ հաստատեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ։
Սարգսյանն ասաց, որ բանաձևն օրենքի ուժ չունի։
«Սկսենք նրանից, որ սա Միացյալ Նահանգների Կոնգրեսի 2 պալատներից միայն մեկի կողմից ճանաչված հանգամանք է։ Այսինքն՝ ՝Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որ օրենք չէ, չպետք է գնա Սենատ հաստատման, հետո ուղարկվի նախագահական վավերացման, այլ՝ ընդամենը բանաձև է, հայտարարություն»,- ընդգծեց Սարգսյանը։
Շարունակելով՝ ամերիկագետն ասաց, որ համանման հայտարարություն կա նաև Սենատում, և մոտ ժամանակներս նաև այդ հարցը կքննարկվի և կքվեարկվի․ «Իսկ ամբողջական ճանաչման համար, բնականաբար, մեզ բոլորիս համար կարևոր է, որպեսզի, վերջիվերջո, Միացյալ Նահանգների նախագահն օգտագործի «ցեղասպանություն» եզրույթը և հստակ քաղաքական և իրավական գնահատական տա այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին, դրանից առաջ և հետո»։
Կարևոր հիմնաքարը դրված է, ըստ փորձագետի, և հույս ունենանք, որ հայ համայնքի և լոբբիստների ակտիվ աշխատանքի շնորհիվ մյուս ատյաններում նույնպես կհասնենք ճանաչմանը։ «Եթե մեզ բավարար է, որ Կոնգրեսի երկու պալատներից մեկը ճանաչի ցեղասպանությունը, իհարկե, սա ճանաչման փաստ է»,- շեշտեց նա։
Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ ճանաչումն այս առումով ընդհանրապես չափազանց լղոզված հասկացություն է միջազգային իրավունքի մեջ, որովհետև ճանաչում կլինի այն ժամանակ, երբ որ ԱՄՆ նախագահն ամեն անգամ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը։ «Սա կլինի արդեն, որ այդ պետության ոչ միայն օրենսդիր, այլև՝ գործադիր իշխանությունը ճանաչել է ցեղասպանությունը։ Եվ քաղաքականությունը, որ իրականացնում է, համապատասխանում է այս դիրքորոշմանը։ Այսպիսին է նաև Միացյալ Նահանգների մեր համայնքի կարծիքն ու ցանկությունը»,- շարունակեց նա։
Այստեղ, ըստ Սարգսյանի, հակասություն չկա իր և Կիրո Մանոյանի ասածի հետ, որովհետև նույն բանի մասին են խոսում․ «Բնականաբար բոլորս էլ ուզում ենք, որ ամենաբարձր մակարդակով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվի և բնականաբար կարծում ենք, որ շարունակական պետք է լինի այս պայքարը»։
Միջազգայնագետն ասաց, որ Միացյալ Նահանգներում հանրային ընկալման մեջ Հոլոքոստը չի ժխտվում, և եթե ինչ-որ մեկը ժխտում է, բնականաբար հանրային ուժեղ հարձակում և ճնշում է լինում այդ անհատի կամ քաղաքական գործչի նկատմամբ։ «Միացյալ նահանգներում տաբու է ժխտել Հոլոքոստը։ Նույնկերպ պետք է լինի նաև Հայոց ցեղասպանության դեպքում։ Վստահ եմ, որ բոլորը դրան են ձգտում և ջանքերը դեպի դա են տանում»,- նշեց ամերիկագետը։
Հարցին, եթե Կոնգրեսի մյուսը պալատը՝ Սենատը, նույնպես ընդունի համանման բանաձևը, իրավական ուժեղ նախադրյալներ ստեղծվո՞ւմ են ։ «Ինքը պարտադիր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չէ։ Ինքն ընդամենը հայտարարություն է, բայց, իհարկե, եթե նաև հայտարարությամբ հանդես գա Սենատը, որ ճանաչում է Ցեղասպանությունը որպես փաստ, կստացվի, որ Կոնգրեսի երկու պալատներն են ճանաչել ցեղասպանությունը»։
Հարցին, թե արդյո՞ք սրանից հետո կարող է գործադիր իշխանությունը՝ Սպիտակ տունը, նույնպես ընդունի ինչ-որ բանաձև, Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ Սպիտակ տունը բավարարվում է միայն հայտարարություններով և ոչ մի բանաձև չի ընդունում։
«Սպիտակ տունը կարող է հայտարարել ու ասել․ «Այո՛, սա ցեղասպանություն է», ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասի․ «Ցեղասպանություն է», պետքարտուղարը, բոլոր դեսպաններն ասեն․ «Ցեղասպանություն է», ու ոչ մեկին աշխատանքից չազատեն, ինչպես եղել է նախկինում, այս սա կլինի ամբողջական ճանաչում։ Հիմա էլ փաստը կա․ մենք գործ ունենք մի փաստի հետ, երբ որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց բավարա՞ր է, թե՞ ոչ։ Ինձ թվում է՝ բավարար չէ, պետք է շարունակենք աշխատել Սենատում և Սպիտակ տան հետ»,- եզրափակեց նա։