ՀՀ կառավարությունը կարևորում է քաղհասարակության հետ արդյունավետ համագործակցությունը. Աղաջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) - Հայաստան աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների չորրորդ ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքները: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԲԿԳ աշխատանքային խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Նոր տնտեսական մարտահրավերների, ինչպես նաև բարդ սոցիալական գործընթացների աճի պայմաններում, գործադիր իշխանության առջև լրջագույն խնդիր է առաջանում պետական խնդիրներն իրագործելիս ձևավորել որոշումներ ընդունելու այնպիսի մոդելներ, որոնք հիմնված կլինեն պետության կառավարման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության, ինչպես նաև հանրային հսկողության ժամանակակից մեխանիզմների կիրառման վրա: Գաղտնիք չէ, որ ՀՀ կառավարությունը խիստ շահագրգռված է կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության նոր և առավել արդյունավետ ձևեր գտնելու հարցում: Ուրախությամբ պետք է նշեմ այն հանգամանքը, որ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում ձևավորված համագործակցությունն այլևս ավանդույթ է և արդեն իսկ ձևավորված իրողություն: Սա չափազանց կարևոր փաստ է, քանզի առանց ներառական գործընթացների հնարավոր չէ ապահովել բարեփոխումների գործընթացը երկրում»։