Հրայր Թովմասյանը պայքարում է ոչ թե պաշտոնը պահելու, այլ ՍԴ-ն անկախ պահելու համար․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարևորում է իշխանության ինստիտուտների տարանջատումը։ «Երբ գալիս ես իշխանության, թվում է, թե ամեն ինչ քեզ է պատկանում, իսկ իրականում ամեն երկրի ղեկավար ունի սահմանափակումներ: Իշխանության ինստիտուտների տարանջատումը շատ կարևոր է: Երբ գալիս ես իշխանության, պետք է իմանաս, որ անկախ մամուլին ձեռք տալ չի կարելի, որ չես կարող ասել, թե ՍԴ-ն պետք է քեզ ենթարկվի, որ կան սահմանափակումներ»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վազգեն Մանուկյանը ՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմայասնի շուրջ ստեղծված իրավիճակին։
Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ՝ ՍԴ-ն նախկինում շատ կապված էր գործադիր իշխանության հետ, թեև ուներ անկախություն, սակայն հիմա իրավիճակը աննախադեպ է: «ՍԴ նախագահ է մի մարդ, որը շատ ինքնուրույն է և ենթարկվում է օրենքներին: ՀՀ-ում որեւէ մեկին ռենտգենի տակ չեն անցկացրել այնպես, ինչպես նրան, որովհետև ոչ մի բան վրան չեն գտել, կոռուպցիոներ չէ, մաքուր է: Նա պայքարում է ոչ թե պաշտոնը պահելու համար, այլ ՍԴ-ն անկախ պահելու համար»,- շեշտեց Հանրային խորհրդի նախագահը։