«Ամեն ինչ արվում է, որպեսզի մեր կրթական համակարգը դառնա ոչ ազգային» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ ոչ մասնագիտական բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցում չի նախատեսվում։
Երեւանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնում ստորագրահավաք է սկսվել այս որոշման դեմ։ Ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանն այսօր հրավիրված քննարկմանն ասաց, որ իրենց նախաձեռնությանը միացել են այլ ֆակուլտետներ ևս․
«Մենք պետք է պարզ պատասխանենք մի հարցի՝ մեր կրթական համակարգը ազգային կրթական համակա՞րգ է, թե՞ ոչ ազգային։ Ամեն ինչ արվում է, որպեսզի դառնա ոչ ազգային։ Իմ կարծիքով՝ ՀՀ-ի ոչ միայն բարձրաստիճան պետական պաշտոնյաները, այլ նաև տարբեր ոլորտներ ներկայացնող պաշտոնատար անձինք պետք է ունենան հայերենի նորմալ գիտելիքներ և հայոց պատմությունից նորմալ գիտելիքներ, որպեսզի կարողան տարբեր տեղերում արժանվույնս ներկայացնել Հայաստանը և հայ ժողովրդին, ինչնին, դժբախտաբար, վերջին շրջանում ականատես չենք լինում»։
Ինչ վերաբերում է բուհերին ինքնավարություն տալու վերաբերյալ դիտարկումներին, Հովիկ Գրիգորյանն ասում է, որ այս օրենքի նախագծից չունի այն տպավորությունը, որ բուհերին ինքնավարություն է տրվում․
«Բուհական ինքնավարությունը այդտեղ ֆիկցիա է բառի բուն իմաստով՝ սկսած ռեկտորի ընտրության պահից, երբ բուհը, որին պետությունը իր ծախսերի ընդամենը 27-28 տոկոսն է տալիս, պիտի նախարարության վեց ներկայացուցչի կողմից ընտրի ռեկտոր»,- ասաց նա։