Վահե Էնֆիաջյանի ներկայացրած նախագիծը որակվեց «ուշացած»
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։
Պատգամավորը ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ վերջին 2 տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարներներն ավելացել են։ «Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ ՃՏՊ-ների թիվը տարեցտարի աճում է։ 2018 թ․առաջին հինգ ամսվա ընթացքում 1362 պատահար է եղել, որի հետևանքով 114 մարդ մահացել է, 1976 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածք է ստացել։ 2019 թ․ առաջին 5 ամսվա ընթացքում 1663 պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 122 մարդ մահացել է և 2416 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,- ներկայացրեց Վահե Էնֆիաջյանը։
Ըստ նախագծի հեղինակի՝ հիմնական խախտումը լինում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու հետ կապված։ Գործող օրենքով, վարչական իրավախախտման համար նախատեսվում է տուգանք՝ 30 000 դրամ։ «Այս նախագիծը կրում է կանխարգելող բնույթ, որպեսզի նման անցանկանալի դրսևորումներ չլինեն»,- ասաց նա։
Վահե Էնֆիաջյանն առաջարկում է հետևյալը․ «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղում կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը, կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպոտային միջոցը կամ խոչընդոտը, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով»,- պարզաբանեց նախագծի հեղինակը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նկատել տվեց որ Կառավարությունը փաթեթ է ներկայացրել, ըստ որի այդ խնդիրը լուծվում էր և հանձնաժողովը առաջին ընթերցմամբ դրան դրական հավանություն է տվել։ Խոսքը վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ հարցերին, որով հստակեցվում են ճանապարհային խախտումների արդյունքում բալային միավորների հանման մեխանիզմները։
Ըստ պարոն Գորգիսյանի՝ այդ երկու նախագծերը հակասություններ ունեն, և ըստ նրա՝ այս նախագիծն արդեն «ուշացած է»։ Կառավարության ներկայացուցիչ, Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ Կառավարությունը հանգել է այն եզրակացության, որ այս պահին պետք է ձեռնպահ մնալ տուգանքներ սահմանելուց և համակարգային կարգավորում տալ, ինչն արդեն Կառավարությունն արել է՝ հավանություն տալով Ոստիակնության կողմից ներկայացված նախագծին։ Նախագիծը դրվեց քվերակության, և այն չընդունվեց։