Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Կոնջորյան
A A
Քաղաքականություն

Վիտալի Բալասանյանը սադրում է Հայաստանի իշխանությանը. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

«Մերկապարանոց և շատ վտանգավոր հայտարարություն է»,- Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսպես է արձագանքում Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը՝ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։

Նշենք, որ Վիտալի Բալասանյանը հարզացրույց է տվել լրատվամիջոցներից մեկին և նշել. «Մենք 2016-ին ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք, հիմա հայտարարում եմ` բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու ենք, ովքեր կփորձեն ոտնձգություն իրականացնել թե՛ իմ, թե՛ ժողովրդի, թե՛ պետության, թե՛ սահմանների, ու թե՛ Ղարաբաղի իշխանությանը»:

«Կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է ուշադրություն դարձնեն այդ հայտարարության բովանդակությանը և հասկանան, թե հայտարարության մեջ հանցակազմ կա՞, որովհետև ֆիզիկական ոչնչացման սպառնալիք է հնչում»,- նշեց Հայկ Կոնջորյանը:

Խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժի պատգամավորի կարծիքով՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ ահաբեկչության տարրեր կան։ «Եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ կարող է ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի լեզվով խոսել ժողովրդի ընտրված իշխանության հետ, նշանակում է՝ սպառնալիք հնչեցնել անձամբ ժողովրդին։ Իսկ դա հանրային և քաղաքական ինքնաոչնչացման ամենակարճ ճանապարհն է»,- ասաց Հայկ Կոնջորյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ Վիտալի Բալասանյանը սադրում է Հայաստանի իշխանությանը, որպեսզի անհամաչափ արձագանք լինի այդ հայտարարությանը։ Ըստ Հայկ Կոնջորյանի՝ սադրանքին, իշխանությունը չի գնա։ «Առանց նյարդայնանալու մեր հետևություններն անում ենք», - ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: