«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի իրականացման անվան տակ տեղի է ունեցել սեփականության անարդարացի վերաբաշխում․ Արման Թաթոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային Ժողովում մեկնարկել է «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումները։
Նախաձեռնողը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն է, սակայն նա չի մասնակցում լսումներին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը պարզաբանեց, որ ԱԺ նախագահը մասնակցում է Երևանում անցկացվող «WCIT 2019» համաշխարհային համաժողովին, այդ իսկ պատճառով չի կարող ներկա գտվել այս լսումներին։
«Սեփականության իրավունքի պաշտպանության հիﬓախնդիրը հանրային գերակա շահի ճանաչման գործընթացում» զեկույցով հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Երևանի կառուցապատման ծրագրերեվ 2000-ական թթ․-ից սկսած քաղաքացիների սեփական բնակարանները, շինությունները և հողատարածքները հասարակական կարիքների համար Կառավարության որոշումներով ճանաչվել են բացառաիկ գերական հանրային շահ և օտարվել են՝ պետական կարիքների համար հիմնավորմամբ։ Հյուսիսային պողոտա և Կասկադ, Գլխավոր Պողոտա ծրագրերը իրականացվել են հենց այդ ճանապարհով։ Այդ ծրագրերի իրականացման անվան տակ տեղի են ունեցել սեփականության վերաբաշխում, անթույլատրելիորեն, անարդարացի վերաբաշխում, որի ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման, անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ և Երևան քաղաքի կենտրոնական հատվածները կենտրոնացվել են առանձին անհատների ձեռքում»,- իր ելույթում նշեց Արման Թաթոյանը։
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ մի քանի տասնյակ ընտանիքներ, սեփականատերեր են համարվել դեռևս 1930-ական, 40-ական թթ․-ից, բայց դիտվել են միայն որպես տվյալ բնակարանների օգտագործողներ և վտարվել են աննշան փոխհատուցման։
«Դատարանները ակնհայտ անարդար անտեսել են իրացնողին ներկայացրած պայմանագրերի միակողմանի կազմված լինելը, բացառապես բավարարել են պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած տարածքից վտարելու վերաբերյալ իրացնողի ներկայացրած հայցերը։ Նման վիճակ առաջացել է նաև այն պատճառով, որ մինչև վերոնշյալ ծրագրերը կազմելը և գործադրելը չի հստակեցվել վերցնելու ենթակա տարածքների, դրանց վրա գտնվող կառույցների կարգավիճակը, դրանց տիրապետողներին հնարավորություն չի տրվել օգտվելու իրենց իրավունքների օրինական ձևակերպման օրենսդրական սկզբունքներից։ Հակառակը՝ պետական լիազորված մարմինը օգտագործել է իրավունքը բացառող ձևական հիմքերը և նույնիսկ արգելքներ է ստեղծել նման ձևական հիմքեր վերացնելու ճանապարհին»,- ասաց Արման Թաթոյանը։