Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանի ձևակերպումը գեղեցիկ չէր. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի արտահայտությանը, որը վերաբերել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին:

«Գեղեցիկ չէր ձևակերպումը, բայց կարծում եմ՝ դա ոչ միայն Անդրանիկ Քոչարյանի դեպքում է, մենք տեսնում ենք, որ Հայաստանում վերջին ամիսներին հնչում են ոչ վայելուչ ձևակերպումներ, որոնք, իհարկե, անցանկալի են, կարիքը չկա դրանց, կարելի է բովանդակային խոսել»,- շեշտեց նա:

Այնուամենայնիվ, Արարատ Միրզոյանը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի խոսքը այն աստիճանի վիրավորական չէր, որ էթիկայի հանձնաժողովում դա քննարկվի:

«Կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը չափազանց լուրջ դեպքերի է վերաբերում, և եթե այս գործը սկսի չարաշահվել, այն կարող է մահակ հանդիսանալ պատգամավորներին, և դա կարող է կաշկանդել նրանց քաղաքական գործունեությանը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ օրերս Անդրանիկ Քոչարյանը հարցազրույցներից մեկում Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ ասել էր՝ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը։ Մեր հայտարարագրերը, կոնկրետ իմ պարագայում հասանելի են հասարակության բոլոր անդամներին»: