Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի հրավերով առաջին անգամ 2009թ.Հայաստան ժամանեց Գիա Կանչելին
Աջակցիր «Ա1+»-ինԽորը ցավով ընդունեցինք հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելիի մահվան լուրը: Դեռևս վառ են հուշերն այն անմոռանալի շաբաթվա, որը կոմպոզիտորը և նրա երաժիշտ-ընկերներն անցկացրեցին Երևանում` 2009թ. մայիսին: Երևանցիների սերը Կանչելիի հանդեպ արտահայտվում էր ամենուր. փողոցներում և համերգային դահլիճներում, բոլոր համերգները լեփ-լեցուն էին:
«Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» վերածվել էր քաղաքային տոնի, Երևան էին ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ, որnնց թվում էին ջութակահար Գիդոն Կրեմերը, ալտահար Մաքսիմ Ռիզանովը, կլարնետահար Միշել Լետիեկը, նաև` Պավել Վերնիկովը (ջութակ), Գիդրե Դիրվանաուսկայտեն (թավջութակ), Անդրեյ Պուշկարևը (հարվածային) և Անդրես Մուստոնեն (դիրիժոր, ջութակ): Առաջին անգամ մեր երկրի նորագույն պատմության մեջ Երևանյան հեռանկարներ 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան հրավիրեց Գիա Կանչելիին:
Նա ներկայացավ հայ ունկնդիրներին մեկ տասնյակից ավելի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններով և հայկական պրեմիերաներով: Կատարվեց հայտնի Styx-ը` մեծ նվագախմբի, երգչախմբի և ջութակի համար, (մենակատար` Գիդոն Կրեմեր): Համերգներին ընտրված էին մասնակցելու մեր լավագույն նվագախմբերն ու երգչախմբերը: Գիա Կանչելիի այցն այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ նրան մշտապես ուղեկցում էին ֆոտոլրագրողները և պարզապես` իր երաժշտության և մարդկային կերպարի սիրահարները: Սիրով հրապարակում ենք որոշ լուսանկարներ` «Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» արխիվից` համոզմունքով, որ նրա հիշատակը մշտապես վառ է մնալու բոլոր հայ երաժշտասերների սրտերում: