Ովքե՞ր են առաջիկայում հրավիրվելու ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր փակ ռեժիմով կարճ քննարկում է անցկացրել։
Քննարկումից հետո Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխատանքային հարց է քննարկվել։
Ենթադրվում է, որ մյուս շաբաթ խորհրդարանում տեղի կունենա ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ։
Ովքե՞ր են առաջիկայում հրավիրվելու հանձնաժողով․ Անդրանիկ Քոչարյանը կոնկրետ անուններ չհնչեցրեց։
«Մեր հաստատված ցանկով հրավիրյալների քանակը մեծ է, աշխատելու ենք, որ որևէ մեկը, որը կարող է կարևոր տեղեկատվություն տրամադրել, հրավիրվի հանձնաժողով: Հարցեր են առաջանում, որ գերագույն գլխավոր հրամանատարին էլ պետք է հրավիրեն, որովհետև բանակային որոշումները սկսում են ներքևից բարձրանում մինչև ամենավերին մակարդակը և, եթե այդ հարցերը հետաքրքրում են հանձնաժողովին, բնականաբար այդ որոշումներ կայացնողներին հրավիրելու ենք՝ լինի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության այդ ժամանակվա նախարարը, որոնք արժեքավոր բան կարող են մեզ փոխանցել բոլորին հրավիրելու ենք»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ պարոն Քոչարյանի՝ քննիչ հանձնաժողովը մինչև դեկտեմբեր ամիսը պետք է ավարտի աշխատանքները, բայց, եթե 6 ամիսը չբավարարի, ապա սահմանված կարգով կդիմեն Ազգային ժողովին, որպեսզի ժամկետը երկարաձգվի։