Բացել լրահոսը Փակել լրահոսը
71926535_414936615888021_961313457230053376_n
A A
Հասարակություն

Փոքր ընտանիքի մոդելով տներ՝ տարեցների համար

«Նախկինում եթե տարեցների հիմահարցերի ոլորտում ավելի շեշտադրված էին սոցիալական ապահովման խնդիրները, այժմ նաև իրականացվում է տարեցների արժանավայել,  ակտիվ ծերացման գործընթացի քաղաքականության մշակում»,- նշում  է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։

Վերջինը հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվան ընդառաջ ներկայացրեց տարեցների խնամքի նոր ռազմավարությունը։ 

Հայաստանի  բնակչության 14,1 տոկոսը, այսինքն՝ շուրջ 420 հազարը, 63-ն անց մարդիկ են։ Նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշում է, որ ապագայի ծրագրերը միտված են նրան, որ ամեն կերպ ապահովվի տարեցների ներգրավածությունը համայնքային կյանքին։

Նախարարությունը ծրագրում է փոքր ընտանիքի մոդելով տների կառուցումը Հայաստանի ողջ տարածքում, որտեղ կբնակվեն 6-ից 10 հոգի։ Այս մոդելը, ի տարբերություն ինտերնատների, թույլ կտա տարեցներին ապրել լիարժեք կյանքով՝ չկտրվելով հասարակությունից։

Նախարարի տեղակալի  խոսքով՝ նախարարությունը  պատրաստվում է նաև իրավական դաշտ բերել խնամատար ընտանիքի գաղափարը։ Այս մոդելը  մինչ այս էլ էր գործում, սակայն հաճախ խնդիրներ են առաջացել  ոչ բավարար խնամքի, այլ ժառանգների ի հայտ գալու հետ կապված։

«Նախարարությունը հանդես է գալու որպես երրորդ կողմ, որպեսզի ապահովի  երկու կողմերի պարտականությունների իրականացումը»,- ասում է նա։

Մեկ այլ կարևոր ծառայություն է լինելու սոցիալական օգնականի ծառայությունը, որը  միայն մեկ տեսակի օգնություն չէ։ Օգնականը տարեցներին կենցաղում, առօրյա կյանքում հանդիպող խնդիրների լուծմանն է օգնելու։

Նախարարության նպատակն է Հայաստանի ողջ տարածքում ունենալ սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններ․ «Օրինակ Վայոց ձորի մարզում մինչև այս տարի չի եղել ոչ մի սոցիալական ծառայություն մատուցող»։

Ծրագրեր կան  նաև կապված տարեցների ժամանցի կազմակերպման, մշակութային կյանքի խթանման համար։ Նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը միտված է սերունդների համերաշխությանը ևս՝  տարեցները հատուկ հանդիպումների ընթացքում  երիտասարդների հետ կկիսվեն իրենց աշխատանքային գիտելիքներով։

«Շատ կարևոր է շեշտադրել, որ այս ծրագրերի նպատակը ծախսարդյունավետությունը չէ, նպատակը Հայաստանի քաղաքացիների լավագույն շահն է»,- նշեց Գեմաֆին Գասպարյանը։

Ծրագրերը կյանքի կկոչվեն մինչ 2024 թվականը։