Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայեր (1)
A A
Հասարակություն

Կարմիր խաչի ներկայացուցիչները սեպտեմբերին այցելել են նաև Ադրբեջանում հայտնված հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբերին այցելել են նաև Ադրբեջանական կողմում հայտնված Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանին, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանին ։

«Սեպտեմբեր ամսվա ընթացքում բոլոր անձանց, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ անազատության մեջ են, մենք այցելել ենք։ Այնսինքն՝ ոչ միայն Ձեր կողմից նշված երեք հոգուն, այլև մնացածին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ 

Նշենք, որ այցելությունը վերաբերում է նաև ԼՂՀ Շուշի քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտներ  Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։  

Անձանց փոխանակման հարցին անդրադառնալով՝ Ամատունին  ասաց, որ Կարմիր խաչն իր ուշադրության կենտրոնում պահելով մարդկանց հետաքրքրությունները, շահերը, նրանց հանդեպ վերաբերմունքը՝ կողմերի հետ է երկխոսության մեջ (նկատի ունի որպես միջնորդ հայկական և ադրբեջանական իշխանությունների միջև - հեղ․) է։ 

«Մենք կողմերի որոշման վրա որևէ ազդեցություն չունենք։ Մենք մարդասիրական կազմակերպություն ենք և չեզոք միջնորդ։ Ինչ վերաբերում է պահանջներին և նորմերին․ դա կողմերի որոշումն է և համաձայնությունը։ Մենք աջակցում ենք որպես չեզոք միջնորդ բոլոր մարդասիրական խնդիրների շրջանակում, որոնք վերաբերում են անձանց։ Որոշում կկայացվի կողմերի միջև, մենք կկազմակերպենք համապատասխան գործողություններ՝ ըստ միջազգային մարդասիրական նորմերի»,- ընդգծեց նա։ 

Քանի որ կազմակերպությունը, Ամատունու փախանցմամբ, ունի գրասենյակներ թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում, թե՛ Բաքվում որպես չեզոք միջնորդ պարբերաբար այցելություններ է կատարել։ «Ա1+»-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է ներկայումս ԱՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը։

«Մենք երբ որ այցելում ենք ու նրանց հետ ունենում ենք առանձնազրույց, իհարկե մեր ուշադրության կենտրոնում է պահմման պայմանները, նրանց հանդեպ վերաբերմունքը։ Եվ դրա հետ մեկտեղ մենք հնարավորություն ենք տալիս այդ անձանց կապ պահպանել իրենց ընտանիքի անդամների հետ։ Ինչ հարցեր, խնդիրներ, նկատառում առաջանում են, կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով քննարկում ենք այն իշխանությունների հետ, որոնք տվյալ պահին պատասխանատու են այդ անձանց համար, քանի դեռ նրանք չեն հայրենադարձվել, վերադարձվեկ կամ որևէ բան»,- շարունակեց նա։

Զառա Ամատունին ասաց նաև, որ անուն տալու իրավունք չունի։ Հարցին, թե իրավունքների ոտնահարման, առողջական վիճակի մասին կարող է որևէ տեղեկություն հայտնել, նա ասաց, որ չի կարող, և դա հանրային քննարկման թեմա չէ։ 

Իսկ, թե որևէ անձի մահվան կամ առողջական ծանր վիճակի դեպքում ի՞նչ է անում Կարմիր խաչը, խոսնակը պատասխանեց․ «Կողմերը չեն կարող դրա մասին չիմանալ, որովհետև կողմերի հետ մենք մշտապես կապի մեջ ենք։ Այնսինքն՝ առաջին հերթին դրա մասին իմանում են կողմերը։ Հանրայնացումը մեզ վերապահված չէ, պաշտոնական կողմն է դրանով զբաղվում»։   

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ադրբեջանական «Ռեպորտ» տեղեկատվական գործակալությունը գրել էր, որ Ադրբեջանը միջազգային կառույցների միջոցով առաջարկել է Հայաստանին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների և պատանդների փոխանակում։ Նշվել էր նաև միջազգային դիտորդների միջնորդությամբ երեք օրվա ընթացքում զոհվածների դիերի փոխանակման մասին։ Այս մասին, «Ռեպորտ»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 18-ին հաղորդագրություն էր տարածել Ադրբեջանի Հանրապետության Գերիների, պատանդների և անհայտ կորածների գործերով պետական հանձնաժողովը։

Սրա վերաբերյալ այս տարվա սեպտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչի հետ և որ իրեն պաշտոնապես փոխանցվել է Ադրբեջանի առաջարկությունը։ «Սա մաքուր, հումանիտար գործողություն է․․․ Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում։ Եվ դա ճիշտ մոտեցում չէ, առնվազն՝ Պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ, որպեսզի Հայաստան վերադարձնեմ իմ քաղաքացիներին»,- նշել էր նա՝ հավելելով, որ փոխանակման հարցն Արցախի սուվերեն որոշման խնդիրն է։

Իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, որ  Ադրբեջանի քաղաքականությանը շատ լուրջ է պետք  վերաբերվել, և այսպիսի քայլերը շատ վտանգավոր են։ «Նախ մենք երբեք ահաբեկչին, մարդասպանին չենք կարող փոխանակել անմեղ մարդկանց հետ։ Այդ մարդկանց Ադրբեջանն առանց այդ էլ պարտավոր է բաց թողնել՝ բոլոր միջազգային նորմերի, կոնվենցիաների, մարդասիրական իրավունքի դրույթների համաձայն։ Բայց ինքը շահարկում է դա»,- ասել էր խոսնակը։

Հիշեցնենք, որ այս պահին ադրբեջանական կողմում են գտնվում 2018 թվականի հուլիսի 15-ից՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը, այս տարվա օգոստոսի 12-ից՝ ժամկետային զինծառայող, Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ Արայիկ Ղազարյանը, 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանը ։ 

Իսկ Արցախ Հանրապետության Շուշիի բերդում ադրբեջանական կողմից լրտեսության և սպանության համար իրենց պատիժ են կրում Շահբազ Գուլիևը (22 տարի) և Դիլհամ Ասկերովը (ցմահ՝ դիվերսիայի ընթացքում 17-ամյա Սմբատ Ցականյանին է սպանել) ։