A
A
Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, առանձին-առանձին եւ համատեղ հանդիպումներ ունեցան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Համանախագահների հանդիպումներին միացել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայքինին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Համանախագահները երկու նախարարներին ներկայացրեցին իրենց գործունեությունը՝ հունիսին Վաշինգտոնում կայացած համատեղ հանդիպումից ի վեր, այդ թվում ՝ Փարիզում և Ժնևում կայացած վերջին խորհրդակցությունները ՝ հակամարտության հումանիտար և անվտանգության հարթությունների վերաբերյալ:
Համանախագահները նշել են ամառվա ժամանակահատվածում բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները, ներառյալ առկա ուղիղ հաղորդակցական կապերը օգտագործելը, և խոր ափսոսանք հայտնել են վերջին մահվան դեպքի կապակցությամբ:
Համանախագահները և նախարարները շարունակել են իրենց քննարկումները լարվածությունը նվազեցնելու և խաղաղության համար նպաստող մթնոլորտի պահպանման և էական բանակցություններին նպաստող լրացուցիչ միջոցառումների շուրջ:
Հիշեցնելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են են նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության օգտագործումը, որը բորբոքային է կամ կանխակալ է բանակցությունների արդյունքի համար:
Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան: