«Պետք է տարանջատվի՝ որն է սուր խոսքը, որը՝ ատելության խոսքը» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ատելության խոսքը քրեական հանցագործություն է», - կարծում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը։
Նա, ինչպես նաեւ Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան ատելության խոսքի դրսևորումների և դրա վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին։
Գայանե Աբրահամյանի խոսքով՝ չնայած Քրեական օրենսգրքում առկա են ատելության խոսքի վերաբերյալ քրեական պատասխանատվության դրույթներ, սակայն պատասխանատվության շրջանակը լայնացնելու խնդիրը կա, որին պետք է ուշադրություն դարձնել։
«Մենք չունենք հակախտրականության մասին օրենք», - իր հերթին նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Ատելության խոսքը, նրա պնդմամբ, ուղղված է ժողովրդավարության հիմքերին, և հստակ պետք է տարանջատվի, թե որն է սուր խոսքը, որն է ատելության խոսքը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այն կարծիքին է, որ պետությունները բավարար ջանք չեն գործադրում ատելության խոսքի կանխարգելման հարցում։
«Ատելության հիմքում ընկած է որոշակի խմբերի, փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ առկա վերաբերմունքը», - ընդգծեց նա՝ հավելելով, որ սա է պետք ընդունել որպես ելակետ։
Սաքունցը նշեց, որ ինքն անձամբ է դարձել ատելության խոսքի զոհ՝ երբ պատգամավորներից մեկը Ազգային ժողովի ամբիոնից ասել է, որ պետք է «Սաքունցին փաթաթել ու հանձնել Թուրքիային»։
Այսպիսի վերաբերմունքը, ըստ նրա, պայմանավորված է որոշ խմբերի հատկանիշներով ու գործունեության բնույթով։