ԵՊՀ-ում այսօր ավելի կուլիսային քննարկում էր, քան երբևէ. ուսխորհրդի նախագահ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամները դեմ քվեարկեցին արտահերթ նիստի առաջարկված օրակարգին` տապալելով այն:
Արտահերթ նիստը հրավիրվել էր գիտական խորհրդի ուսանող-անդամների պահանջով:
Նրանց կարծիքով՝ «ռեկտորը նախապես ակնարկել է դեկաններին դեմ քվեարկել օրակարգին, քանի որ այն, իբրև թե, իր դեմ է»:
Բուհի ուսխորհրդի, գիտխորհրդի անդամ Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ հարց է առաջանում՝ եթե դեմ էին քվեարկելու, ապա ինչո՞ւ են եկել.
«Եթե քվորում ապահովեին, օրակարգային հարցերը փոխանցվելու էին հերթական նիստին, բայց եկել են, որ չհաստատեն, և երբեք այդ հարցերը չքննարկվեն»,- ասաց նա:
Ուսխորհրդի նախագահ, գիտական խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը հիշեցրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքերը, որ ԵՊՀ-ն այլևս կուլիսային քննարկումների վայր չէ.
«Բայց ԵՊՀ-ում այսօր ավելի կուլիսային քննարկում էր, քան երբևէ»:
Արտահերթ նիստի օրակարգով նախատեսված էին քննարկումներ համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների իրագործման, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, ինչպես նաև բուհի գործունեության կարևորագույն հարցերի առնչությամբ որոշումների ընդունման գործընթացում գիտական խորհրդի մասնակցության մեծացման մասին:
Գիտական խորհրդի քարտուղար Լևոն Հովսեփյանը, որը կողմ էր քվեարկել օրակարգին, նշեց.
«Սա բավական լուրջ խնդիր է: Անկախ տարբեր հանգամանքներից` անձնական, թիմային, ժամանակային` եթե կա կանոնակարգով սահմանված գիտխորհրդի անդամների պահանջ, ապա օրակարգը պետք է հաստատվի և լսվի»:
ԵՊՀ ռեկտորը և դեմ քվեարկած անդամները նիստից անմիջապես լքեցին դահլիճը: