«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը ցանկանում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Աջակցիր «Ա1+»-ին«Վանաձոր ՔԿՀ»-ի դատապարտյալ Գևորգ Հակոբյանը ցանկանում է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա այդ մասին նաև նամակով դիմել է վարչապետին, սակայն, իր խոսքով, Նիկոլ Փաշինյանն իր մոտ է ուղարկել «Վանաձոր» ՔԿՀ-ի վարչակազմի օպերմասի ծառայության աշխատակից Մկրտչյանին։
«Նախկին իշխանություններն իմ վրա գործ են սարքել, որի վերաբերյալ ուզում եմ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունենալ ու պատմել այդ մասին։ Ես ոչ մեկին չեմ վստահում, ես Մկրտչյանին հայտնել եմ, որ վարչապետի հետ եմ ուզում խոսեմ։ Նախկին իշխանության կողմից կատարվել են խախտումներ, մի հոգու ասածով դատապարտվել եմ, չկան ապացույցներ, քաղաքական հետապնդում է եղել իմ նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանն ինքն իր վրեժն է լուծում նախկին իշխանությունից ու ժողորդին տիրություն չի անում։ Պահանջում եմ մամուլի ասուլիս, վարչապետի և իմ մասնակցությամբ, իմ հետ հանդիպումը բխում է իր շահերից»,- «Ա1+»-ին հայտնել է դատապարտյալը։
Գևորգ Հակոբյանը նաև ցանկանում է, որ իր գործը վերանայվի։ Նա նշեց, որ ինքը դիմել է վաղաժամկետ ազատ արձակվելու համար, սակայն դատական նիստերն անընդհատ հետաձգվում կամ մերժվում են։
Ինչպես տեղեկացնում է դատապարտյալը, իր մասին գրել են, որ խնամքի տակ մարդ չունի, չեն գրել այն հիվադությունը, որով ինքը տառապում է, այլ ներկայացրել են ուրիշ հիվանդություն։
«Սխալ բաներով ներկայացնում են, ֆիզիկական աշխատանքների մեջ ենք, հանրային աշխատանքներ եմ կատարել, բայց գրել են՝ չեմ անում, ունեցել եմ դրական բնութագիր, բայց այդ խրախուսանքը չեմ ստացել։ Իմ բնակության վայրում, թաղամասում հարցուփորձ են արել, ոստիկանությունը տվել է դրական բնութագիր, դա նույնպես հաշվի չեն առնում»,-նշել է Գևորգ Հակոբյանը։
Վերջինս տեղեկացրել է, որ սեպտեմբերի 20-ին նշանակված է դատական նիստ, և շատ կցանկանա, որպեսզի լրատվամիջոցները լուսաբանեն իր նիստը։