Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131680
A A
Հասարակություն

Չեմ ընդունում, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնել․ ԲԴԽ նախագահ (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պաշտոնում ընտրվելուց հետո առաջին անգամ հանդիպում է լրատվամիջոցների  ներկայացուցիչների հետ։

Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը՝ Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ ԲԴԽ-ում մթնոլորտը կառուցողական է, աշխատանքն էլ  ծանրաբեռնված է։

«Միակ փոփոխությունը այս պահին, որ կարող եմ արձանագրել և հայտնել, որ  ԲԴԽ-ն այսուհետ լինելու է բաց ու թափանցիկ, և ցանկացած պահի պատրաստ է պատասխանել լրագրողների հարցերին»,- ասաց պարոն Վարդազարյանը։

Եթե վեթինգը կիրառվի, արդյո՞ք ԲԴԽ անդամները  դրա մաս կկազմեն․ հարցին Ռուբեն Վարդազարյանը  դրական պատասխան է տալիս։

«Պարտադիր անցնելու են այդ բարեվարքության ստուգման սկզբունքները, և ես գտնում եմ, որ այդ գործընթացը պետք է սկսվի ինձնից՝  որպես ԲԴԽ նախագահի, այնուհետ ԲԴԽ անդամները և դատավորները։ Երբ  է դա մեկնարկելու, դժվարանում եմ ասել, քանի որ  կարգավորումները դեռ ընթացքի մեջ են»։

Ռուբեն Վարդազարյանը վստահեցնում է՝ որոշ ժամանակ անց կունենանք վստահելի դատաիրավական համակարգ։

ԲԴԽ նախագահը չի կիսում այն կարծիքը, թե Բարձրագույն դատական խորհուրդը իշխանության ցանկալի ԲԴԽ-Ն է։

Ինչո՞ւ Բարձրագույն դատական խորհուրդը չկանգնեց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին․ հարցը Ռուբեն Վարդազարյանի համար անհասկանալի է։

«Բավարար հիմքեր են ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին, և ԲԴԽ-ն ընդամենը թույլատրել է նախաքննություն իրականացնող մարմնին քրեական հետապնդում իրականացնել։ ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանի լիազորությունները չի դադարեցրել, ընդամենը թույլ է տվել իրականացնել քրեական հետապնդում, իսկ օրենքի ուժով Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են»։

Ըստ Վարդազարյանի՝ եթե ինքը գտներ, որ Դավիթ Գրիգորյանի պարագայում ոտնահարվում է դատական իշխանության անկախությունը կամ դատավորի անկախությունը, ապա այլ որոշում կկայացներ։

Միտինգային արդարադատությունը և դատարանների շրջափակումը  Ռուբեն Վարդազարյանը չի ընդունում։

«Այն դատարանը կամ  դատավորը, որը արդարադատություն կիրականացնի՝ կախված դատարանի առաջ կանգնած բողոքի ակցիայից, հնչեցրած բառերից, այդ դատարանը կլինի սխալ, չեմ ընդունում, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնել»։

Դիտարկմանը, թե նույնիսկ այն պարագայում, երբ այդ ամբոխին վարչապետն է համախմբել, Ռուբեն Վարդազարյանը հստակեցրեց․

«Վստահ եմ, որ դատավորը ցանկացած բողոքի ակցիայի դատարանի դիմաց իրավունք չունի ճնշվի կամ արդարադատությունը իրականացնի կապված ժողովրդի քանակից»։