Արցախը չի կարող անկախ լինել և անկախ չէ․ Արա Պապյան
Աջակցիր «Ա1+»-ինԴիվանագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ոչ մի արտառոց չի համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հանրապետության անկախությանը օրը չի մեկնել Արցախ․ մանավանդ Արցախում ելույթի ժամանակ նշել է, որ Արցախը Հայաստան է և վերջ։
«Եթե Արցախը Հայաստան է, ուրեմն Արցախի անկախությունը ընդունելի գաղափար չէ։ Ինձ համար միանշանակ է, որ Արցախը չի կարող անկախ լինել և անկախ չէ», նշեց դիվանագետը։
Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի խոսքին, թե «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին գումար հատկացնելը Արցախում ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար՝ «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը», Պապյանը նշեց՝ իր համար սա արտառոց հայտարարություն է։ Բանախոսը նշեց, որ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ ունենք, որոնք անմիջականորեն խառնված են ներքին գործերին․ զենքը ձեռքներին պաշտպանում են այն հողակտորը, որտեղ ապրում է հենց Բալասանյանը։
«Այսինքն, ներքին գործերին միջամտություն չէ՞, էն հարյուր միլիոն և ավելի դոլարը՝ առանց ռազմական ծախսի, որ մենք յուրաքանչյուր տարի հատկացնում ենք Ղարաբաղին։ Հետևաբար նման մոտեցումը ընդունելի չէ»,- ասաց դիվանագետը։
Անդրադառնալով ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությանը և հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ նիստին, Պապյանը նշեց, որ Հայաստանը կորցրեց իր հիմնական հաղթաթուղն այն ժամանակ, երբ անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը։
«Ռուսաստանի՝ Ադրբեջանին սիրաշահելը պայմանավորված է հենց նրանով, որ Ռուսաստանն այլևս մեզ հետ խնդիր չունի։ ԵԱՏՄ-ն մեզ համար չդարձավ ազատ շուկա։ Փոխարենը՝ չստացանք Եվրամիության հետ ասոցացման այն պայմանագիրը, որ կարող էինք ունենալ։ Մի տեղում կա եվրասիական 170 մլն-անոց շուկան, մյուս կողմում եվրամիության 520 միլիոնանոց շուկան»,- նշում է դիվանագետւ, միաժամանակ ավելացնում՝ ինքը վստահ է , որ Իրանը չի անդամակցի ԵԱՏՄ-ին։
Արա Պապյանի խոսքով հարց է՝ արդյոք Իրանի նախագահ Հասան Ռոհանին կընդունի ԵԱՏՄ նիստի հրավերը։ Ըստ նրա, նույնիսկ, դեռ կասկածելի է, թե նիստը որտեղ կկայանա՝ Երևանում, թե մեկ այլ տեղ։