Ես չէի քաղաքականացնի․ ՀՀ դեսպանը՝ Միհրան Պողոսյանի և Միքայել Հարությունյանի արտահանձնման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահողվող ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը որևէ կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ։
«Նախկինում էլ, ներկայում էլ, երևի ապագայում էլ նման դեպքեր լինում են։ Ընդհանրապես՝ արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային և երկրի ներքին օրենսդրությանը»,- նշեց դիվանագետը։
Նրա պնդմամբ՝ Ռուսաստանը չի մերժել արտահանձնումը, նա նշեց, որ ՌԴ դատախազությունը դիմել է ՀՀ դատախազությանը՝ լրացուցիչ հիմնավորումներ և փաստաթղթեր ստանալու համար, և չկա արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում։
Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի արտահանձման հարցին՝ Տողանյանն ասաց, որ եղել է համապատասխան պարզաբանում․
«Հարությունյանը ՌԴ քաղաքացի է և ՌԴ Սահմանադրությամբ, ինչպես նաև մեր Սահմանադրությամբ այդ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել»։
ՀՀ դեսպանը ընդգծեց, որ հայկական ու ռուսական իրավապահ մարմինների միջև չարտահանձնման բազմաթիվ դեպքեր եղել են, ուղղակի վերաբերել են ավելի քիչ հայտնի քաղաքացիների։
«Մենք, դուք, չենք իմանում։ Ես չէի քաղաքականացնի և չէի բերի հայ-ռուսական հարաբերությունների դաշտ»,- շեշտեց Վարդան Տողանյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե պաշտոնյաները գնում են հենց Ռուսաստան, ինչպես նաև ռուսական ԶԼՄ-ները շարունակ անդրադարձ են կատարում Ռոբերտ Քոչարյանին, դեսպանն ասաց, որ Ռուսաստանում տարածված են տարբեր կարծիքներ։
Ըստ նրա՝ կարծիքներ հնչում են ոչ միայն Հայաստանում տեղին ունեցողի իրադարձությունների, այլև տարբեր երկրների քաղաքական գործընթացների վերաբերյալ։
Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշնանը կայցելի՞ Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին, ՀՀ դեսպանն ասաց․ «Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը տեղի է ունենալու գագաթնաժողովը, երկրի նախագահները ժամանելու են, և դեռ վաղ է խոսել ծրագրերի մասին»։
Տեսանյութը՝ «Ֆակտոր» լրատվականի