Բացել լրահոսը Փակել լրահոսը
69466313_962316964108193_6578565982392942592_n
A A
Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնել, տուգանքն էլ մեծացնել

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգը հագեցած է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Քրեական օրենսգրքում լրացումների կատարում է նախաձեռնել։

Մասնավորապես՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը կհանգեցնի կենդանիների ոչնչացմանը կամ խեղմանը, պատգամավորն առաջարկում է տուգանքի չափը մեծացնել և քրեականացնել։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով սահմանված է տուգանք՝ քաղաքացիների նկատմամբ սահմանված է նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսունապատիկը, իսկ պաշտոնյա անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկը։

«Ես մոնիթորինգ եմ արել՝ պարզելու, թե այդ պոտենցիալ և գործող սադիստներին այս ծիծաղելի տուգանքը կանխո՞ւմ է»:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Քրեական օրենսգրքում լրացում կատարել այսպես՝ «Կենդանիների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով, հանգեցրել է նրանց ոչնչացմանը կամ խեղմանը, պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյոգրապատիկը կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով»,- նշում է Նաիրա Զոհրաբյանը։

Ի դեպ, ըստ պատգամավորի՝ այս առաջարկությանը Կառավարությունը պոզիտիվ արձագանք է տվել և առաջարկություն արել: Նաիրա Զոհրաբյանը լրամշակել է նախագիծը, որով եթե նույն արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ անչափահասի ներկայությամբ, հանրային ցուցադրությամբ, այդ թվում համացանցի միջոցով 2 կամ ավելի կենդանիների նկատմամբ, պատժվում են տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ 1-3 տարի ժամկետով»:

Նաիրա Զոհրաբյանը նաև ներկայացրեց միջազգային փորձը, թե ինչ պատիժ է սահմանվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Օրինակ՝ Ֆրանսիայում պատիժը սահմանվում է 2 տարի ազատազրկմամբ կամ 30 000 եվրո տուգանքով: Գերմանիայում՝ մինչև 3 տարի ազատազրկում կամ տուգանք, իսկ Իտալիայում մինչև մեկ տարի ազատազրկում, մինչև 160 000 եվրո տուգանք:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի կողմից։