«Իմ քայլը» խմբակցությունում պառակտում չկա․ Վարազդատ Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի համոզմամբ՝ խմբակցությունում պառակտում չկա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ անդրառադնալով Էդգար Առաքելյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուն։
«Մենք կարող ենք պատգամավորներով կամ խմբակցության մեջ տարաձայնություններ ունենալ տարբերի հարցերի վերաբերյալ, և դա նորմալ է, բայց մի հարցի վերաբերյալ մենք տարաձայնություն չունենք՝ դա այն է, որ մեր կայունության, մեր երկրի առաջընթացի համար մենք պետք է միասնական լինենք, այս հարցում բոլորիս համաձայնությունն ունենք»,- ասաց պատգամավորը։
Վարազդատ Կարապետյանը չի հանդիպել մանդատից հրաժարված պատգամավորի հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Էդգար Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ երկար մտորումներից հետո որոշում է կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
Վարազդատ Կարապետյանը Ֆեյսբուքում բաց նամակ էր հղել Էդգար Առաքելյանին՝ կոչ անելով նրան չգնալ։
Իշխող խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը անդրադարձավ նաև Ամուլսարի հանքի շահագործման քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելուն։
«Եթե կա հնարավոր շահերի բախում, այդ մասին պետք էր բարձրաձայնել, և այդ գործերը հնարավորինս քննել այդպիսի բախում չունեցող անձանց կողմից»,- ասաց պատգամավորը։