Անում ենք առավելագույնը՝ երկրում բազմակարծության և ազատ խոսքի ապահովման համար․ Լիլիթ Մակունց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, դիմելով դեսպաններին, նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված խորհրդարանը Հայաստանի համար ժողովրդավարության ապահովման կարևոր հենասյուներից է։
«Մենք՝ որպես օրենսդիրներ, անում ենք առավելագույնը՝ երկրում բազմակարծության և ազատ խոսքի ապահովման համար։ Իմ համոզմամբ՝ ներքաղաքական ճակատում նկատվող բոլոր ձեռքբերումները պետք է նաև նպաստեն ավելի արդյունավետ, վստահ և նախաձեռնող արտաքին քաղաքականության իրականացմանը»,- ասաց մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը համոզված է, որ Ղարաբաղյան հակամարտության արդարացումը կախված է նաև այլ երկրներում հայ դիվանագետներց։
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանն այսօր գտնվում է տեղեկատվական կատաղի պատերազմի մեջ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հաճախակի խոսելով ձեզ հետ՝ միշտ ընդգծել ենք մի կարևոր փաստ, որ արտասահմանում լուրջ տեղեկատվական դեզինֆորմացիայի մեծ հոսք կա։ Մեզ և ձեզ համար ամենակարևորն այն է, որ այն տեսլականը, որը գոյությունի, հասանելի լինի բոլոր արտասահմանյան գործընկերների համար»,- դիմելով հայ դիվանագետներին ընդգծեց Արման Աբովյանը։
Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց բարձրաձայնեց՝ ի՞նչ ունեինք և հիմա ի՞նչ ունենք։ Ըստ նրա՝ Հայաստանը մինչև հեղափոխությունը ձեռքբերումներ ուներ գրանցած։
«Մենք, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, միակ անդամ երկիրն ենք, որ ՆԱՏՕ-ի հետ ունենք այդքան խորը համագործակցություն։ Մենք, լինելով ԵԱՏՄ անդամ միակ երկիրը, ունենք ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիր, որն ընթացքի մեջ է։ Սա հեղափոխությունից առաջ էր, ի՞նչ ենք մենք ավելացրել այս 1,5 տարուց հետո։ Մեկուկես տարվա մեջ մենք ունենք որպես պրոդուկտ դրսում վաճառելու ՝ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, որը հռչակվել էր հեղափոխության ժամանակ, և դա գումարվում է մեր ունեցածին։ Բայց այդ գումարումը արդյունքով այսօր չեմ կարող ասել, գուցե ընթացքի մեջ է, հիմա մի մեծ բան ենք ունենալու։ Մեկուկես տարի է անցել, և ես ուզում եմ հասկանալ՝ այս մեծ ձեռքբերումը ինչպե՞ս ենք վաճառել դրսում»,- ասաց Էդմոն Մարուքյանը։