Դատարանում հետազոտվեց հրազենը, որով, ըստ մեղադրանքի, սպանվել է Յուրի Տեփանոսյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց «Սասնա Ծռերի» գործով դատական նիստը։
Այսօրվա նիստի ժամանակ որպես Պավլիկ Մանուկյանի եւ Արմեն Բիլյանի պաշտպան ներգրավվեց հանրային պաշտպան Լուսինե Ասլանյանը։
Այս պահին դատարան են ներկայացվել գործով որպես իրեղեն ապացույց հանդիսացող իրերի մի մասը՝ դրանք հետազոտելու համար։
Այս պահին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացնում է իրեղեն ապացույցները։
Դատախազի կողմից փաթեթավորված հրազենը ներկայացնելուց հետո դատավորն ասաց, որ ըստ մեղադրական եզրակացության՝ այս հրազենից է սպանվել ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանը։
Դատավորը Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին հարցրեց, թե արդյոք իրեն ծանո՞թ է այդ հրազենը։ Ի պատասխան՝ Բարսեղյանն ասաց, որ զինատեսակը ծանոթ է, բայց չգիտի՝ իր մոտ հենց այդ հրազե՞նն է եղել, թե՞ ոչ։
Այնուհետեւ դատարանում հետազոտվեցին հրազենից արձակված պարկուճները։
Հետազոտվեցին նաեւ սպանված ոստիկանների համազգեստները։
Հետազոտվող ապացույցների մեջ էր նաեւ այն մեքենայի հողմապակին, որի մեջ սպանվել էր Յուրա Տեփանոսյանը։
Հողմապակին հետազոտելուց հետո դատավորն ասաց, որ արձանագրեցին, որ հողմապակու վրա անցքն առկա է։



