Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Խուլիգանություն՝ Գնդեվազ գյուղում. մեկ անձ ձերբակալվել է

 

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

 2019թ. օգոստոսի 25-ին 57-ամյա տղամարդը ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ մի խումբ անձինք Գնդեվազ գյուղում ծեծի են ենթարկել իրեն:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է , որ 2019 թ. օգօստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, 57-ամյա տղամարդը դիտողություն է արել Գնդեվազ գյուղի կենտրոնական հրապարակում «Ամուլսարն առանց հանքի» բարձր ձայնով վանկարկումներ անող մի խումբ անձանց:

Նրանցից մեկը՝ Կեչուտի 24-ամյա բնակիչը, ցավագին ընդունելով դիտողությունը, խուլիգանական մղումներով, մի քանի այլ երիտասարդների հետ ծեծի է ենթարկել նրան, ինչպես նաև հնչեցրել հայհոյանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն:

            Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Որոշում է կայացվել միջադեպի մասնակիցներից ևս մեկին՝ 22-ամյա երիտասարդին, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

 Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
 
հետ կապերի բաժին