Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131531
A A
Հասարակություն

«Սա փորձաքննություն է, սոսկ փաստաթղթերի ուսումնասիրություն չէ․ Յուրա Իվանյանը՝ Ամուլսարի հարցի մասին

Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը հանդիպում է լրագրողների հետ՝ կապված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերջին օրերին հնչող գնահատականների վերաբերյալ։

Յուրի Իվանյանն, անդրադառնալով քնննադատություններին, թե «Էլարդ» միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը կասկածի տակ է դրվում, անհրաժեշտ է համարում նշել, որ «Էլարդ»-ի ընտրությունը երաշխավորել է միջազգային Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը։

«Նախաձեռնության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ էր հանդիսանում Բնական ռեսուրսների կառավարման միջազգային կառույցը, ում էլ նաև գրավոր դիմել էր Բնապահպանության նախարարությունը՝ համագործակցելով Քննչական կոմիտեի հետ: Վերջիններս էլ երաշխավորել էին «Էլարդ» ընկերությանը՝ որպես տարածաշրջանի պրոֆեսիոնալ թիմ ներկայացնող ընկերություն, որը կարող է փորձաքննություն իրականացնել»,- նշեց Յուրի Իվանյանը:

Ըստ նրա՝ մրցութային հանձնաժողովը որոշել է նախապատվությանը տալ այն ընկերությանը, որը որևե կերպ շահերի բախում չունի: Ըստ փորձաքննության եզրակացության՝ բնապահպանական ռիսկերը կառավարելի են։

«Մեղմման միջոցները, որոնք նախատեսել է «Լիդիան» ընկերությունը, փորձագետների կողմից գնահատվել է ողջամիտ, և առաջարկվել է լրացուցիչ միջոցառումներ: Փորձագետները նշում են, որ եթե ամբողջ համակարգը կիրառվի նախագծվածին պատշաճ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի, իսկ եթե բնապահպանական ռիսկերը լինեն կառավարելի, ուրեմն վնաս չկա, որպեսզի մի հատ էլ չափենք, թե վնասն ինչքան է»,- ասում է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետը։

Յուրի Իվանյանը շարունակում է՝ «Էլարդ»-ը ուսումնասիրել է ոչ միայն «Լիդիան»-ի կողմից տրված հետազոտությունների արդյունքները, այլև մյուս կառույցների՝ գիտական, պետական մարմինների կողմից ներկայացված հետազոտությունները, հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ուսումնասիրությունները։

«Սա փորձաքննություն է, և սոսկ փաստաթղթերի ուսումնասիրություն չէ»,- շեշտեց Յուրի Իվանյանը: