Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն_Միխայլով_(«Իմ_Քայլը»_դաշինք)
A A
Քաղաքականություն

Ասորի ժողովրդի ցեղասպանությունը շարունակվում է նաեւ այսօր. ԱԺ պատգամավոր

Հայաստանի ասորական համայնքը պետք է պահանջի այսօրվա Թուրքիայի կառավարությունից՝ ճանաչել 1915 թվականի ասորիների ցեղասպանությունը։ Այսօր ասորական համայնքը հիշատակում է ասորիների ցեղասպանության 104-րդ տարելիցը։

Հայաստանի «Աթուր» ասորիների միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ասորական համայնքը ակտիվ է ասորիների Ցեղասպանության ճանաչման գործընթացում։

«Համայնքի անդամ, ՀՀ-ում ցեղասպանության ոլորտի մասնագետ Անահիտ Խոսրոեւը Ավստրալիայի պառլամենտում ցեղասպանության թեմայով ելույթ է ունենալու այսօր։ Այսպիսի քայլեր ենք մենք անում նաեւ հայ մասնագետների հետ։ Եթե որոշ Ցեղասպանություններ կանխվել են, ապա ասեմ, որ ասորի ժողովրդի ցեղասպանությունը շարունակվում է նաեւ այսօր՝ Սիրիայում եւ Իրաքում։ Եւ պետք է համախմբվեն ոչ միայն ասորական եւ հայկական համայնքի ներկայացուցիչները, այլեւ բոլորը»,-ասաց պարոն Միխայլովը։

Հայաստանում բնակվող մոտ 6 հազար ասորիները ազգային լուրջ խնդիր չունեն, վստահեցնում է Արսեն Միխայլովը։ Կառավարության հետ համագործակցում են եւ ներկայացնում իրենց պահանջները։

«Մենք այսօր պահանջում եւ խնդրում ենք կառավարությանը, որ ուշադրություն դարձնեն այն ազգերին, որոնք չունեն պետականություն։ Մեր պետությունը ՀՀ-ն է եւ ՀՀ կառավարությունը։ Մենք շատ էինք խնդրում եւ պահանջում, որ վարչապետի խորհրդականներից մեկը լինի ազգային փոքրամասնությունների նախագահը, եւ դա եղավ»,- ասաց նա։