Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0650
A A
Սպորտ

Ըմբշամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը շարունակվում է

Ըմբշամարտիկ Ռաֆիկ Խլղաթյանի կողմնակիցները «Սպորտում պետք է տիրի արդարություն», «Սպորտը կոռուպցիա է» պաստառներով հավաքվել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դիմաց։ 

Ցուցարարներին հանդիպեց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի օգնական Հասմիկ Գրիգորյանը։

«Ա1+»-ի հետ զրույցում Գրիգորյանն ասաց, որ տեղյակ է խնդրից՝ նշելով, որ սպասում են Ռաֆիկ Խլղաթյանի մարզիչ Ամիրբեկ Պողոսյանին, որպեսզի դիմում գրեն, քանի որ նախարարությունն Ըմբշամարտի ֆեդերացիային ցուցում տալու իրավասություն չունի։

Այստեղ է նաև Խլղաթյանը։ «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ իրոք իրեն վատ է զգացել, դրա համար է հեռացել հավաքի վայրից։ Իսկ հավաքականի մարզչի այն պնդումը, թենա հեռացել է, քանի որ տեղեկացել է, որ չի մասնակցելու Բուլղարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, չի համապատասխանում իրականությանը։ 

Հիշեցնենք, որ Հուլիսի 24-ին Խլղաթյանի մարզիչները և հարազատները հավաքվել էին Հայաստանի ազգային կոմիտեի դիմաց և պահանջում էին Խլղաթյանին վերադարձնել ըմբշամարտի պատանիների հավաքական՝ մասնակցելու Բուլղարիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։ 

Ըստ ակցիայի մասնակիցների՝  Հայաստանի պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված  Հոմերոս Առաքելյանը ձեռքի կոտրվածք էր ստացել և չէր ընդգրկվել հավաքականի կազմում, և վերջինիս փոխարեն պետք է ընդգրկվեր Խլղաթյանը։ 

«Ա1+»-ի հետ զրույցում նրանք ասել էին, որ ըմբշամարտի  պատանիների հավաքականի մարզիչ Գագիկ Խաչատրյանի և Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Սամվել Գևորգյանի ջանքերով ֆեդերացիան ընդգրկել էր 3-րդ տեղը գրաված Արայիկ Թոփալյանին, քանի որ վերջինս Գևորգյանի կողմից ղեկավարվող Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանակապատանեկան մարզադպրոցի սան է։

Մեզ հետ զրույցում, սակայն, թե՛ Խաչատրյանը, թե՛ Գևորգյանը նշել էին, որ Խլղաթյանին հավաքականի կազմում չընդգրկելու պատճառն այն է եղել, որ նա առանց թույլտվության թողել-հեռացել էր ուսումնամարզական հավաքից՝ նշելով, որ եթե չի մասնակցելու աշխարհի առաջնությանը, ապա իր մնալն անիմաստ է։ Հավաքականի մարզիչը նշել էր նաև, որ հավաքականում ընգրկված մարզիկն ավելի ուժեղ է։ 

Սակայն Խլղաթյանի քեռին մեզ հետ զրույցում տեղեկացրել  էր, որ Խլղաթյանի հեռանալու պատճառը եղել է փորլուծությունը։

Այժմ մարզիչը օլիմպիական կոմիտեի շենքում է։ Ռաֆիկ Խլղաթյանը նույնպես հրավիրվեց ԿԳՄՍ նախարարության մասնաշենք։

Մարզիչը և մասնաշենք մտած ակցիայի մասնակիցները, դուրս գալով շենքից, ասացին` քանի որ Խլղաթյանը հավաքից հեռացել է, արդեն նոր ցուցակագրման համար ժամանակ չի մնացել։ Ակցիայի մասնակիցները վերադառնում են Էջմիածին։