Դավիթ Անանյանը մաքսատուն այցելելության ժամանակ խոշոր գործառութային թերություններ չի արձանագրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօրվա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով երեկ մաքսատուն կատարած այցելության մասին, ասաց, որ խոշոր գործառութային թերություններ չկան, կան կադրային և որոշակի տեխնիկական հնարավորություններ ավելացնելու խնդիրներ, որն իրենք արդեն նախաձեռնել են, և 4-5 աշխատակից պետք է ավելացվի:
«Ընդհանուր առմամբ՝ այցելությունը փոխվարչապետի նախաձեռնությամբ էր, ավելի շատ ճանաչողական նշանակություն ուներ և նաև տեղում հանրության մոտ ձևավորված տեսակետների, խնդիրների, հարցադրումների որոշակի պատասխան գտնելն էր: Շատ արդյունավետ աշխատանքային այցելություն էր»,- ասաց Դավիթ Անանյանը:
Ինչ վերաբերում է «Սպայկա» ընկերության խնդրին՝ Դավիթ Անանայանն ասաց, որ այդ հարցով քննությունը շարունակվում է, և իրենք անընդհատ տեղեկատվություն են ստանում գործընկեր երկրների կառույցների կողմից, դրանք վերամշակում են, հաշվարկներ և վերահաշվարկներ են կատարում։
Նրա խոսքերով՝ հաշվի առնելով նաև գյուղատնտեսության ոլորտի հետ «Սպայկայի» այսօրվա գործունեության սերտ առնչությունը, իրենք այս պահին քրեաիրավական գնահատականների առումով ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քննությունն առանձնացրել են, շարունակում են և հնարավորություն են տալիս, որ նրա գործունեության խաթարում չլինի:
Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացու կողմից Բագրատաշենի մաքսակետով ռադիոակտիվ նյութի անցկացմանը, Դավիթ Անանյանն ասաց, որ այդ փաստով ծառայողական քննություն է ընթանում, և քրեական գործ է հարուցվել: Իսկ արդյունքների մասին լրացուցիչ հայտարարություն կարվի:
Հիշեցնենք, որ ռադիոակտիվ նյութի անօրինական տեղափոխման և մաքսային կանոնների խախտման մեղադրանքով հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում Հայաստանի քաղաքացի էր ձերբակալվել: Ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ ձերբակալվածը Հայաստանից Վրաստանի տարածքով միջուկային նյութ էր տեղափոխում Ռուսաստան: