Ատրպատականում, որպես կանոն, գերիշխում են նաև հայամետ տրամադրություններ. իրանագետ
Աջակցիր «Ա1+»-ինՄեր տարածաշրջանում լարվածություն առաջացրած ԱՄՆ-Իրան հակամարտությանն անդրադառնում է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Իրանի հյուսիսային երկրամաս Ատրպատականի վերաբերյալ (սահմանակից է հարավից՝ Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին, հարավ-արևմուտքից՝ Նախիջևանին)։ Ատրպատականը հայտնի է նաև «Իրանական Ադրբեջան» անվանումով, ինչը, Ոսկանյանի խոսքով, ընդունելի չէ։
Տեղեկություններ կան, որ Ատրպատականի երկրամասում խժդժություններ են սկսվել
«Ինչ վերաբերում է Ատրպատականում տեղի ունեցող գործընթացներին, ակնհայտ է, որ այս տարածքում մտավորականությունը, քաղաքական-հասարակական վերանախավերը պետականության հենասյուներից մեկն են»,- ասաց իրանագետը։
Բայց միևնույն ժամանակ, ըստ Ոսկանյանի, այս երկրամասում գործ ունենք պանթյուրքական լուսանցքային խմբերի հետ, որոնք պարբերաբար փորձում են «ավելի շատ աղմուկ հանել», քան գործողություններ անել. «Իրականության մեջ Ատրպատականը իրանականության, իրանական պետության կարևորագույն կենտրոններից մեկն է»։
Իրանագիտության ամբիոնի վարիչի պնդմամբ՝ Ատրպատականում, որպես կանոն, գերիշխում են նաև հայամետ տրամադրություններ, իսկ երկրամասի հետ հայերն ունեն խորագույն պատմաքաղաքական, մշակութային, և նույնիսկ շատ դեպքերում ցեղակցական կապեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատմության տարբեր շրջափուլերով միմյանց հետ անցել են շատ դեպքերում ոչ թե պարսիկների, այլ հենց ատրպատականցիների հետ։
Նա հավելեց նաև, որ արտառոց չէ, թե ինչ-որ հակաիրանական խմբեր փորձում են իրականացնել ոչ միայն սոցիալական դժգոհություններ, այլ նաև այդ դժգոհությունները որոշ դեպքերում տեղափոխում են էթնիկական հողի վրա. «Եվ այդ իմաստով Ատրպատականը, քրդաբնակ շրջանները, Խուժիստանի արաբաբնակ շրջանները, Իրանի ծայրամասային հարավ-արևելքի բելուջաբնակ շրջանները համարվում են չակերտավոր էթնիկ բախումների կետեր»։
Իրանագետը նշեց նաև, որ Իրանի բարձրագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին սերում է Ատրպատականից, ուստի երկրամասը չի կարելի դիտարկել համաիրականությունից դուրս որևէ գործընթացում։
«Քուրդիստանում ազատ կյանք» կուսակցության գործունեությանն անդրադառնալով՝ Ոսկանյանն ասաց, որ այն, իրականում, Քուրդիստանի բանվորական կուսակցության պոկված մասն է, որևէ ազդեցություն չունի Իրանի քրդաբնակ շրջաններում և իրանական կենտրոնական իշխանությունները այս ուժի դեմ առանձնապես մեծ ռեսուրսներ չեն կիրառում. «Չնայած որոշ սահմանային խժդժություններին՝ այսուհանդերձ կուսակցությունը իրանաբնակ քրդերի շրջանում մեծ համակրանք չի վայելում»։
Հարցին, թե արդյո՞ք հաճախակի են բախումներ գրանցվում Իրանի սահմաններին, նա պատասխանեց, որ երբեմն լոկալ բնույթի դեպքեր լինում են, և դա սովորական է. «Ժամանագրական առումով՝ գրեթե յուրաքանչյուր ամիս։ Հազարամյակներով կայսրություն եղած պետության հետ գործ ունենք, որը ունի բազմաթիվ խնդիրներ սահմանների երկայնքով մեկ և հաջողությամբ կարողանում է դրանք լուծել»,- շեշտեց նա։
ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման վերաբերյալ
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, և Հայաստանն ի՞նչ դերակատարություն է կարող ունենալ
«Ակնհայտ է, որ Եվրոպական միության երկրներն անհանգստացած են Իրանի շուրջ լարվածության աճով և փորձում են այն որոշակիորեն մեղմել։ Խոսքը վերաբերում է հատկապես Եվրամիության կողմից վճարային համակարգի հատուկ մեխանիզմի ստեղծմանը, որը կօգնի Իրանի հետ զարգացնել կամ պահպանել առևտրային կամ տնտեսական հարաբերությունները»,- ասաց Իրանագիտության ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ բավականին բարդ խնդիրներ կան՝ կապված պատժամիջոցների հետ, որոնք որոշակի ազդեցություն են ունենում նաև ԵՄ երկրների վրա։
Իսկ թե Իրան-ԱՄՆ հակամարտության կոնտեքստում ի՞նչ գործոն է կարող լինել Հայաստանը, իրանագետը նշեց, որ ՀՀ-ն պետք է փորձի Իրանի հետ հարաբերությունները զարգացնել հնարավոր բոլոր ուղղություններով, չնայած Միացյալ Նահանգների ճնշմանը՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով այն գործընկերային հարաբերությունները, որոնք առկա են ԱՄՆ-ի հետ։
«ՀՀ-ն պետք է գերակտիվ դիվանագիտական գործողություններ ձեռնարկի և մեր պետության համար նույնիսկ Միացյալ Նահանգների կողմից խիստ պատժամիջոցային ռեժիմի պայմաններում ստեղծել արտոնյալ վիճակ, որովհետև Հայաստան-Իրան հարաբերությունները կենսական, անվտանգային, աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունեն»,- եզրափակեց նա։