Մեկ տարվա ընթացքում հաշվառվել է 1090 բռնարար. 100-ից ավելին կանայք են. Նելլի Դուրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը շարունակում է մնալ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Եվրոպայի խորհուրդը իշխանություննեի հետ սկսում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիայի ուղղությամբ շարունակվող Հայաստանը» ծրագիրը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի համոզմամբ՝ 2018 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը բավարար չէ՝ բռնությունը կանխելու համար, հարկավոր է օրենքը վերանայել:
«Մենք պիտի գործուն քայլեր ձեռնարկենք օրենսդրության վերանայման ուղղությամբ, որովհետև մենք որքան էլ ապահովենք գործակցությունը միջգերատեսչական մարմինների հետ, այնուամենայնիվ, օրենսդրական հնարավորությունները բավարար չեն՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»,- ընդգծեց Զարուհի Բաթոյանը:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը նշում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արդեն հաշվառվել է 1090 բռնարար, 100-ից ավելին կանայք են:
«Տվյալ անձանց հետ ոստիկանության աշխատակիցները իրականացնում են համապատախան աշխատանքներ, համագործակցում ենք նաև սոցիալական աշխատողների հետ: Կիրառվել են անհետաձգելի միջամտություն, շուրջ 200 նախազգուշացում»,- ասաց Դուրյանը:
Թե ե՞րբ կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից, դեռ հայտնի չէ: Նելլի Դուրյանը կարևորում է դրա ընդունումը, որովհետև դրանց մեջ կան հոդվածներ, որոնք, ըստ նրա, իսկապես կպաշտպանեն բռնության ենթարկված անձանց և կօգնեն ընտանիքում բռնության կանխարգելմանը:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կողմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն: Նա ընդգծում է, որ օրենքի ընդունումից առաջ բազմաթիվ փոփոխություններ եղան դրա նախագծում, ինչը ինքը չէր ողջունում: Իրավապաշտպանը կարծում է, որ պետությունը պիտի զերծ մնա ընտանիքում հաշտարարի դերը իր վրա վերցնելուց:
«Նախազգուշացումը արդյունավետ չէ, երբ ոստիկանությունը այցելում է ընտանիք, և նախազգուշացնում է, բռնարարը մնում է նույն ընտանիքում և միգուցե ավելի մեծ ճնշում է գործադրում զոհի նկատմամբ։ Դա հղի է լուրջ բռնություններով: Մեզ համար կարևոր է, որ պետությունն ընդհանրապես չմիջամտի մարդու անձնական կյանքին, այսինքն՝ հաշտարարություն չանի, որովհետև դա միջազգային օրենսդրության խախտում է։ Մարդիկ գտնվում են բոլորվին անհավասար պայմաններում, մեկը բռնանար է, մյուսը՝ զոհ, և հաշտեցման որոշումը կամային չէ վախից կամ ճնշումներից»,- ասում է նա: