Հույս ունեմ՝ Հրայր Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ծանոթ է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին, որն ուղղված է եղել սահմանադրական մարմիններին՝ կապված Սահմանադրական դատարանի ճգնաժամի հետ:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը: ԱԺ նախագահը կարծում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծվածը վկայում է այն մասին, որը այդ մարմնի նկատմամբ հասարարական վստահություն չկա: Արարատ Միրզոյանը նշեց, որ նամակը ծավալուն է, և Վահե Գրիգորյանը սահմանադրական ճգնաժամից դուրս գալու համար 3 տարբերակ է առաջարկել: ԱԺ նախագահը չբացահայտեց 3 լուծումների բովանդակությունը:
«Մենք կարիք ունենք ինչպես հանրության լայն շրջանակում, այնպես էլ Սահմանադրական մարմիններում քննարկել, որպեսզի հասկանանք՝ մեր երկիրը այս ճգնաժամից ինչպես է դուրս գալու»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա հավելեց, որ ՍԴ-ի շուրջ ստեղծվածի հանգուցալուծման մեջ ավանդ պիտի ունենան բոլորը, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
«Իր ունեցած ավանդը իսկապես կարող է անգնահատելի լինել, և մեծ հույս ու ակնկալիք ունեմ, որ պարոն Թովմասյանը իր ծանրակշիռ խոսքը կասի՝ դեպի հանգուցալուծում»:
Հարցին, թե եթե Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացնի, ճգնաժամը կհանգուցալուծվի՞, Արարատ Միրզոյանն ասաց՝ ոչ:
«Հրայր Թովմասյանի անձով չի պայմանավորված ճգնաժամը: Ես խոսում էի ինստիտուտի նկատմամբ եղած վստահության մասին, այդ ինստիտուտում տարիներ շարունակ ներգրավված մարդկանց մասին, որոնք ավելին են, քան մեկ հոգին, և այդ մեկ հոգին վստահաբար Հրայր Թովմասյանը չի»,-ասաց նա։