Բացել լրահոսը Փակել լրահոսը
0-3
A A
Հասարակություն

Մենք հրապուրիչ գործընկեր ենք՝ ինչպես առևտրի, այնպես էլ ներդրումային առումով. Վրաստանի փոխվարչապետ (տեսանյութ)

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին  բացման  խոսքով հանդես եկավ նաև Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

Նա Հայաստանի պատվիրակությանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և  ընդգծեց, որ այս հանդիպումը Վրաստանի և Հայաստանի համար մեծ նշանակություն ունի:  

«Անչափ կարևոր է տնտեսության բնագավառում մեր հարաբերությունների զարգացումը, որը հնարավորություն է տալիս մեր համագործակցությունը ավելի խորացնել: Մեզ համար  ուրախալի էր պարոն Փաշինյանի  հայտարարությունը, որ Երևանը կակտիվացնի  աշխատանքը Եվրամիության հետ հարաբերություններում՝ կապված առանց անցագրային կարգի հետ: Մենք ցանկացած հարցում խորհրդատվության ցուցաբերության պատրաստակամություն ենք հայտնում»,- ասաց Մայա Ցկիտիշվիլին:

 Վրաստանի փոխվարչապետի խոսքով՝ Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերը կարող են խորանալ: Վրաստանում բիզնեսով զբաղվելու համար, ըստ  Մայա Ցկիտիշվիլիի, կան բոլոր նախադրյալները: 

«Մենք հետաքրքիր և հրապուրիչ գործընկեր ենք՝ ինչպես առևտրի, այնպես էլ ներդրումային առումով: Մեզ մոտ թափանցիկ  բիզնես միջավայր է, շատ ցածր են հարկերը, և կոռուպցիա չկա: Գործընկեր ենք բազմաթիվ արտասահմանյան երկրների հետ, չունենք սահմանափակումներ՝ արտարժույթի առումով»,- շեշտեց Վրաստանի փոխվարչապետը: 

Վաղը՝ հունիսի 28-ին, Դիլիջանում տեղի կունենա հայ-վրացական, վրաց-հայկական բիզնես ֆորում, որին կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի  փոխվարչապետերը: