Բացել լրահոսը Փակել լրահոսը
65872743_2378942229008110_7018649608809086976_n
A A
Հասարակություն

Քոչարյան անվան պատճառով դատարանում հայտնվածները, հնարավոր է, հաշտվեն (տեսանյութ)

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում տեղի ունեցավ «News.am» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «1in.am» կայքի լրագրող Սիրանուշ (Սոնա) Հարությունյանի վերջին նախապատրաստական նիստը , այն արդեն նախապատրաստված է դատաքննության։

Հիշեցնենք, որ Սոնա Հարությունյանը նախորդ տարվա օգոստոսի 30-ին իր Ֆեյսբուքյան էջում կատարել էր հետևյալ գրառումը, ինչն էլ նրա դեմ հայց ներկայացնելու հիմք է հանդիսացել․

«Վերջին շրջանի փոփոխությունները չեն շրջանցել նաև մեզ՝ լրագրողներիս ու լրագրողական համերաշխություն ասվածը.

Ուրեմն երեկ «News.am» կայքը իր էջում տեղադրել է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որը վերաբերում է իմ նյութին։ Նախ նկատենք, որ այս կայքը իր պատմության մեջ երբեք գործընկեր լրատվամիջոցի վերաբերյալ որևէ հայտարարություն, հերքման տեքստ երբեք չի հրապարակել։ Դա իրենք էլ կարող են փաստել։ Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ չգնալ իրենց սկզբունքներին, քանի որ պատվերը տվել է ԳՆՈՐԴԸ։  Ընդ որում զավեշտալին այն է, որ կայքի պատասխանատուները այնքան են շտապել ԳՆՈՐԴԻ պատվերը կատարել, որ ՀՅԴ-ի հայտարարության հետ մեկտեղ հրապարակել են նաև կայքի տեղադրողին տրված հանձնարարականը, որը, կրկին շտապելուց, շատ անհաջող է կատարվել, քանի որ ՀՅԴ թեկնածուի դեմքը սկզբում աղավաղված էր։ Ի դեպ, դրա փոխարեն ՀՅԴ հայտարարության տակ կարող էին օրերս տարածած պարզաբանումը դնել, որ Քոչարյանն իրենց չի առել, որ թյուրըմբռնում չառաջանար»։

Այսօրվա նիստի ժամանակ պատասխանողի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը դատարանին ներկայացրեց մի քանի փաստաթղթեր՝ որպես ապացույց, որոնք առաջարկվեց կցել գործին: Դատարանը դա գնահատեց որպես միջնորդություն, իսկ հայցվոր կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, միջնորդության վերաբերյալ հայտնելով իր դիրքորոշումը, ասաց, որ դա ենթակա է մերժման՝ նշելով, որ դրանք այս գործի հետ  առնչություն չունեն:

Անցնելով դատաքննությանը՝ դատավոր Արմեն Դանիելյանը նախ կողմերին հարցրեց՝  հաշտության եզրեր գտնելու հնարավորություն կա՞, թե՞ ոչ: Կողմերը նշեցին, որ կա այդպիսի հնարավորություն:

Հաշտության տեքստը քննարկելու և այն դատարանին ներկայացնելու համար դատարանը կողմերին ժամանակ տվեց և հետաձգեց դատական նիստը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 9-ին, ժամը 12.00:  

Մանրամասները՝ տեսանյութում