Իրավունքի հետքերով #11 ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ծերանոց չեն ընդունում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄԻԱՎ-ով ապրող մարդիկ բուժհաստատություններում խտրականության են ենթարկվում բուժանձնակազմի կողմից։ Հաճախ, իմանալով ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին, հիվանդին չեն ցանկանում ընդունել։
«Ունեցել ենք նաև դեպքեր, երբ իմանալով, որ անձը ՄԻԱՎ ունի, վիրահատության համար կրկնակի գումար են պահանջել»,- ասում է «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը։ Պատճառը բուժանձնակազմի՝ ՄԻԱՎ-ի մասին ոչ լիարժեք տեղեկացված լինելն է ։ Պատշաճ բուժում ստացող ՄԻԱՎ-ով ապրող մարդը վարակի փոխանցող չի հանդիսանում և այս մասին իրազեկվածության պակաս կա թե՛ բուժքույրերի և թե՛ բժիշկների շրջանում։ Մարզային ու համայնքային բուժհաստատություններում բժիշկները ոչ միշտ են պահպանում բժշկական գաղտնիքը, ինչը իր հերթին հանգեցնում է համայնքում խարանի ու խտրականության ենթարկվելու վտանգին։ Այս պատճառով հիվանդները գերադասում են բուժում ստանալ Երևանում։
«Օրենքով սահմանված է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդը չի կարող ծերանոց ընդունվել»,-ասում է Անահիտ Հարությունյանը՝ հավելելով, որ այս խնդրի լուծման համար կազմակերպությունը պատրաստվում է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Մանրամասները՝ տեսանյութում։