Քաղաքապետարանում քննարկվում է վթարային շենքերի բնակիչներին նորակառույց շենքերում վերաբնակեցնելու հարցը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր գումարվել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, որի օրակարգային հարցերից է Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին հարցը:
Որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը.
նախագծով առաջարկվում է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտա 4 նրբանցքի հ.8 և հ.10 շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով անհատույց օտարել (նվիրել) բնակարաններ Շինարարների փողոցի հ.15, Շինարարների փողոցի հ.6/1, Մարգարյան փողոցի հ.45, Սիսակյան փողոցի հ.16 հասցեներում գտնվող նորակառույց և Սիսակյան փողոցի հ.3 հասցեում նոր կառուցվող բազմաբնակարան շենքերից` համաձայն հավելվածի։
Փոխքաղաքապետը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կից հավելվածում նշված քաղաքացիները՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, դեռևս շարունակվում են բնակվել, ինչպես նաև օգտագործել և շահագործել տարածքներ՝ 4-րդ կարգի վթարային բնակարաններում՝ վերոնշյալ հասցեներում:
«Այս շենքերը գտնվում են փլուզման սպառնալիքի տակ: Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով քաղաքացիների հետ կատարված բանակցությունների արդյունքում նախատեսվում է հավելվածում նշված անձանց վերաբնակեցնել և տրամադրել նոր բնակարաններ»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Նախագիծը ներկայացնելուց հետո քաղաքապետը շնորհակալություն հայտնեց այն աշխատակիցներին, այդ թվում՝ փոխքաղաքապետին, որոնք շատ մեծ աշխատանք են կատարել այս ուղղությամբ: