Հասարակական կարգը պահպանելը պայմանավորված չէ հագուստի գույնով. Վ. Օսիպյան
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում պատասխանեց լրագրողների հարցերին։
Օսիպյանի խոսքով՝ վերջին շրջանում ոստիկանությունը հրաշալի է կատարում իր պարտականությունները։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք «Ադեկվադ»-ներին մի քանի անգամ բերման ենթարկելով՝ ոստիկանությունը փորձում է հայտնի դարձնել վերջիններիս, և որ բերման ենթարկելը պայմանավորված է սև հագուստ կրելով, Օսիպյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ պայմանավորված է նրանց հագուստ կրելով։ Այդպիսի բան չկա, իրականությանը չի համապատասխանում։ Ոստիկանությունը բացառապես առաջնորդվում է օրենքներով, և ինչ էլ արել ենք, արել ենք օրենքի սահմաններում»։
Հասարակական կարգը պահպանելը, ոստիկանապետի խոսքով, պայմանավորված չէ հագուստի գույնով, և դժվարացավ նշել, թե քանի «սևազգեստ» մարդու են բերման ենթարկել։
Պատասխանելով հարցին, թե ոստիկանությունում ինչ համակարգային փոփոխություններ են կատարվել հեղափոխությունից հետո՝ Օսիպյանն ասաց, որ առաջին հերթին լրագրողները հնարավորություն ունեն ներկա լինելու ՈԶ վարչության զորամասի տարածքում։
«Շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերը պահում են պետական սահմանը, և ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ այդ առաջադրանքը կատարում են գեր-գերազանց»,- ընդգծեց ոստիկանական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ դա կատարում են բացառապես միայն ոստիկանական ուժերով՝ առանց ՊՆ զորքերի մասնակցության։
Հարցին, թե ինչու ոստիկանությունը թույլ չի տալիս ՎԵՏՕ շարժմանը բողոքի ցույց իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի դիմաց, ոստիկանապետը պատասխանեց, որ յուրաքանչյուր գրասենյակ, կազմակերպություն, գերատեսչություն ունի մուտք և ելք, և որևէ մեկն իրավունք չունի օրենքից դուրս սահմանափակել ցանկացած քաղաքացու ազատ տեղաշարժը. «Մենք առաջնորդվում ենք ոչ թե ինչ-որ մարդկանց քանակով, մեզ համար մեկ անձնավորությունը նույնպես մարդ է, և այդ քաղաքացու համար մենք նույնպես պարտավոր ենք ծառայություններ մատուցել»։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու դատարանների մուտքերն արգելափակվեցին, և ոստիկանությունը ոչինչ չարեց, ոստիկանության պետն ասաց, որ այդ հարցին պատասխանել է նախկինում. «Ա՞յլ հարցեր»։
Հարցադրմանը, թե ԱԺ պատգամավորներից մեկը («Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան – հեղ.) կոչ արեց, որպեսզի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ներս չթողնեն, և այս մասով ինչ պետք է անի ոստիկանությունը, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, թե ով է կոչ արել. «Բայց այնտեղ ծառայություն իրականացնող, ինչպես նաև այլ տեղերում ծառայություն իրականացնող ոստիկանական ծառայողներն առաջնորդվում են յուրաքանչյուրն իր տրված հատվածին ծառայութուն կատարելու բնորոշ առանձնահատություններով և հրաման-հրահանգներով»։