Դատավորի եւ Քոչարյանի պաշտպանների միջեւ վիճաբանություն սկսվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Վերաքննիչ դատարանում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանին դատավորը նկատողություն արեց, թե՝ հիմա հայտարարություն անելու եւ հարց տալու փուլը չէ, երբ պաշտպանը փորձեց հայտարարություն անել։
Դատավորը զգուշացրեց, որ եթե Պողոսյանը շարունակի, հնարավոր է՝ քննարկվի նրա նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը։
Այս ընթացքում դատավորը նաեւ նկատողություն արեց Հայկ Ալումյանին՝ ասելով, թե՝ ինչը նրան հրճվանք պատճառեց, ինչին արձագանքելով՝ Հայկ Ալումյանն ասաց, որ ինքը առարկություններ ունի դատավորի գործողությունների վերաբերյալ։
«Այս անգամ նուրբ եմ ասում, մյուս անգամ ավելի կոպիտ կասեմ», ասաց Հայկ Ալումյանը։
Դրանից հետո դատավորի եւ Հայկ Ալումյանի միջեւ վիճաբանություն սկսվեց։ Վեճին միացան նաեւ Միհրան Պողոսյանը եւ Ռուբեն Սահակյանը։
Մեղադրողն առաջարկեց իրավիճակը թոթափելու համար հինգ րոպե ընդմիջում հայտարարել։
Դատավորն ասաց, որ հենց դա էլ պատրաստվում էր անել։
Ընդմիջման ժամանակ դահլիճում գտնվող քաղաքացիների եւ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի միջեւ վիճաբանություն սկսվեց։
Կարգադրիչները զգուշացրեցին քաղաքացիներին, որ եթե շարունակեն աղմկել, կհեռացվեն։
Դատավորը վերադարձավ։ Դահլիճում մթնոլորտը հանդարտվեց։
Դատավորն ասաց, որ ինքը որեւէ մեկին նեղացնելու ցանկություն չունի եւ այս լարվածության համար ներողություն խնդրեց։
«Եթե լարվածություն է առաջացել, հայցում եմ ձեր ներողամտությունը»,- ասաց նա։
Սեդա Սաֆարյանը վատ զգաց եւ դուրս եկավ նիստերի դահլիճից։
Դրանից առաջ, անդրադառնալով Հայկ Ալումյանի տեխնիկական հարցերին՝ ուղղված դատավորին, Սեդա Սաֆարյանը նիստը դիտավորյալ ձգձգելու միտում նկատեց։
«Այն, ինչ արվում է, եւ մեր կողմը, եւ մյուս կողմը, այս գործում մի տեսակ առանձնահատկություն կա։ Ես չգիտեմ՝ ինչու են դատավորից պահանջում իրենց իրավունքները բացատրել։ Կարծում եմ՝ պրոֆեսիոնալ են եւ կարիք չկա բացատրելու։ Դուք կանոնակարգեք ընթացակարգը»,- ասաց Սեդա Սաֆարյանը։
Միհրան Պողոսյանն էլ ասաց, որ դատավորը պետք է կանոնակարգի եւ համամիտ է Սեդա Սաֆարյանի ասածի հետ։
Մեղադրող Գեւորգ Բաղդասարյանը նկատեց, որ արդեն 40 րոպե է՝ չեն կարողանում իրենց բողոքը ներկայացնել։ Բացի դա, նա առաջարկեց, որ նիստը շարունակվի նաեւ ժամը վեցից հետո, որպեսզի կարողանան բողոքը ներկայացնելը սպառել։
Դատարանում հայտարարությամբ հանդես եկավ Սարգիս Քլոյանը, որը տեղեկացրեց, որ հաջորդ նիստին տասը տուժողների իրավահաջորդներն էլ ներկա են լինելու։
Նշենք, որ պաշտպանական կողմն առարկեց, որ աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակեն աշխատել։