Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն առաջարկում է աջակցել գյուղացիներին

Քաղաքականություն

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով նպատակ ունեն աջակցելու գյուղացիներին՝  բնակլիմայական աղետների դեպքում:

Նախատեսվում է կարկուտի, ցրտահարության և այլ աղետների հետևանքով մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար հողօգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանել անշարժ գույքի հարկի արտոնություն:

Նպատակն է օրենքի ուժով ազատել գյուղացուն վնասը կրելու տարվա համար հողի հարկ վճարելու պարտականությունից:

«Սա քաղաքական բնույթի որոշում է: Մենք չպետք է վերլուծություններ անենք դասական տնտեսագիտական առումով. սա նշանակում է, որ պետությունը կանգնած է  գյուղացու կողքին: Ավելին` ասեմ՝ պետք է սրա հետևանքով նաև վարկերը սառեցնել. այսինքն` սա առաջին քայլն է, երկրորդը՝ վարկերը սառեցնել, երրորդը՝ փոխհատուցումներ անել և չորրորդը՝ ցույց տալ, որ իսկապես պետությունը ստեղծում է այն միջավայրը, որով Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը կարող է արդյունավետ լինել»,- նշում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Իմքայլականները, սակայն նպատակահարմար չեն համարում նախագիծն ընդունել: Փոխարենն առաջարկում են զարգացնել բերքի, հողի ապահովագրության մասին նախագիծը, որն այս պահին փորձնական ծրագրով կիրառվում է ՀՀ երկու մարզերում:

«Հողի հարկից ազատել՝ շատ լավ է հնչում, բայց այնուամենայնիվ, երբ մենք դա վերածում ենք թվերի, հասկանում ենք, որ դա ընդամենը մի քանի հազար դրամի պատմություն է: Կարծում եմ, որ երբ այդ ժեստից շոյված գյուղացին սթափվի ու հասկանա, համեմատելով իր կրած կորուստի հետ, այն օգուտը, որ մենք պատրաստվում ենք նրան տալ՝ բավականին ծանր իրավիճակում կհայտնվի»,- հակադարձում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը վստահ է՝ Բարգավաճ Հայաստանի ներկայացրած ծրագրով պետությունն ավելի շատ վնաս է կրելու, քան շահելու: