Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս պարագայում ճիշտ կլիներ՝ ՍԴ անդամի նշանակման իրավունքը վերապահվեր ՀՀ նախագահին. իրավաբան (տեսանյութ)

Եթե օրենքն ասում է, որ նախագահը պետք է ներկայացնի նոր թեկնածու, ապա դրա տակ հասկանում ենք միանգամայն նոր թեկնածու. ասաց ԵՊՀ «Սահմանադրական իրավունք»-ի ամբիոնի վարիչ, իրավաբան Վարդան Այվազյանը՝ անդրադառանալով Արմեն Սարգսյանի կողմից որպես ՍԴ անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Իրավական մշակույթի բացակայության պարագայում, ըստ Այվազյանի, օրենքը տարբեր կերպ մեկնաբանելու, մանիպուլյացիայի ենթարկելու մեծ դաշտ է ստեղծվում։ «Շատ իրավաբաններ կասեն, որ դա օրենքի խախտում չէ, մի մասը կասեն՝ խախտում է և այլն»,- նկատեց իրավաբանը՝ հավելելով, որ Հայաստանում դեռևս գործում է՝ «ուժեղի մոտ թույլն է մեղավոր» սկզբունքը։

Դիտարկմանը, թե Վահե Գրիգորյանի թեկնածությունը նախկինում առաջադրվել էր նախորդ գումարման խորհրդարանի օրոք, իրավաբանն ասաց, որ նախկին և ներկա խորհրդարաններն այս պարագայում որևէ նշանակություն չունեն։ «Խորհրդարանը քաղաքական մարմին է, եթե նախկին ու ներկա ենք անում, ուրեմն մենք դարձյալ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնին քաղաքական կոմպոնենտներ ենք տալիս, որը խիստ անթույլատրելի է։ Ներկան ու նախկինը կապ չունի»,- շեշտեց նա։

Եզրափակելով՝ Վարդան Այվազյանը նշեց, որ այս պարագայում, երևի թե, ճիշտ կլիներ, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ անդամի նշանակման իրավունքը վերապահվեր ՀՀ նախագահին, որպեսզի բացառվեր քաղաքական բաղադրամասը։