Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հուրի Գեբեշյանը հատուկ ծրագիր է մշակել ՀՀ-ում մարմնամարզությունը զարգացնելու համար

2016թ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանն այսօր ԵՊԲՀ նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ ուսանողների եւ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

29-ամյա մարզուհին նախ ներկայացրեց իր անցած սպորտային ուղին: Նա մասնավորապես նշեց, որ 2012թվականին ոտնաթաթի վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել Լոնդոնի օլիմպիական խաղերին: Սակայն, դրանից հետո ընդունվել է Ուեյք Ֆորեսթի բժշկական դպրոց, ավարտել այն եւ ստացել բժշկի որակավորում:

Այդ ընթացքում ինքը բժիշկների կողմից նշանակված հատուկ սննդակարգի եւ անհատական մարզումների օգնությամբ կարողացել է ապաքինվել վնասվածքից եւ ի վերջո իրավունք է ստացել մասնակցելու 2016թ օլիմպիական խաղերին: Արդյունքում, նա դարձել է Հայաստանի առաջին մարմնամարզուհին, որը հանդես է եկել աշխարհի խոշորագույն մարզական խաղերում:

Այժմ Հուրի Գեբեշյանն աշխատում է Քլիվլենդի հիվանդանոցում, ինչպես նաեւ զբաղվում է մարզչական գործունեությամբ:

«Երրորդ անգամ եմ Հայաստանում: Նախորդ երկու դեպքում եղել եմ միայն Երեւանում: Այս անգամ աշխատում եմ լինել մարզերում, պարզել, թե ինչ խնդիրներ կան կանանց մարմնամարզությունում, ինչի պակաս կա եւ այլն: Ես հատուկ ծրագիր եմ մշակել մարզաձեւը Հայաստանում զարգացնելու համար: Ցանկանում եմ հանդիպել ղեկավարների հետ, ներկայացնել այն, պարզել, թե ինչով կարող եմ օգնել հայ մարզմնամարզուհիներին», -  «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց Հուրի Գեբեշյանը:

Նրա կարծիքով Հայաստանում կանանց մարմնամարզությունը շատ թույլ է զարգացած: Ըստ մարզուհու, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում չկա կանանց սպորտային մարմնամարզության առանձին ֆեդերացիա: