Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess budapesht
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները Բուդապեշտում առանց մեդալի մնացին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդասշտում անցկացվող Budapest Spring Festival 2019 շախմատային փառատոնում Հայաստանից մասնակցեցին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Արամ Հակոբյանը:

Մեր շախմատիստները հաջող հանդես եկան մինչեւ նախավերջին տուրը: Ութ հնարավորից վաստակելով 6-ական միավոր, նրանք առաջատարներից հետ էին մնում կեսական միավորով ու բաժանում էին 4-5-րդ տեղերը:

Սակայն, այսօր կայացած 9–րդ տուրում, մեր շախմատիստները վիճակահանությամբ հանդիպեցին իրար հետ: Կողմերը ռիսկի չդիմեցին եւ ոչ-ոքի ավարտեցին պարտիան: Նույնպիսի մոտեցում դրսեւորեցին նաեւ երկու առաջատարները՝ ռուսաստանցի Արտյոմ Տիմոֆեեւն ու ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկը, որոնք գրոսմայստերական ոչ-ոքի խաղացին եւ պահպանեցին կես միավորի առավելությունը:

Վերջիններիս հետ 7-ական միավոր վաստակեցին նաեւ հունգարացի Լասլո Գոնդան ու իսպանացի Խայմե Սանտոսը: Ի վերջո, մրցաշարի հաղթող հռչակվեց Արտյոմ Տիմոֆեեւը, որը գլխավոր մրցանակից բացի ստացավ նաեւ 1,2 մլն հունգարական ֆորինտ պարգեւավճար:

Սամվել Տեր-Սահակյանը եւ Արամ Հակոբյանը վաստակեցին 6,5-ական միավոր եւ բաժանեցին 6-7-րդ տեղերը: Նրանք կպարգեւատրվեն համապատասխանաբար 250 եւ 200 հազար ֆորինտով: